Ողնաշարի կոտրվածքը օստեոպորոզի հետևանքով ոսկորի կոտրվածքի ամենատարածված տեսակն է: Ամեն տարի Միացյալ Նահանգներում գրեթե 700 հազար ողնաշարի կոտրվածք է տեղի ունենում, որի գրեթե 75 տոկոսը չի ախտորոշվում: Նոր ուսումնասիրությունը նպատակ ունի առանձնացնել այդ վտանգի տակ եղած կանանց՝ հուսալով կանխել այն:
Ողնաշարի կոտրվածքի գրեթե 75 տոկոսը աննկատ են մնում, այսինքն՝ ոսկորը փշրվում է առանց որևէ նշանի կամ ախտանիշի:
Փիթսբուրգի համալսարանից բժիշկ Ջեյն Քոլին իր աշխատակիցների հետ ուսումնասիրել է 65-ից բարձր տարիքի գրեթե 10 հազար կանանց ողնաշարի կոտրվածքի տվյալները: Ուսումնասիրության սկզբում թեթև ռենտգենի միջոցով կատարվել է ոսկրի խտության ստուգում, ապա 15 տարի հետևել են փոփոխությանը:
Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ոսկրի ցածր խտություն ունեցողների մոտ կոտրվածքի վտանգը բարձր է:
Ուսումնասիրության սկզբում ոսկրի ցածր խտություն ունեցող կանանց 25 տոկոսը ուսումնասիրության ընթացքում ողնաշարի նոր կոտրվածք է ունեցել՝ ի համեմատություն ոսկրի նորմալ խտություն ունեցող կանանց 9 տոկոսի:
Այս տեղեկատվությունը կարևոր է տարեց կանանց և նրանց բժիշկների համար, քանի որ օստերոպորոզն է այդ կոտրվածքների պատճառը:
Ըստ ուսումնասիրությունն իրականացրած բժշկի, օստերոպորոզը կանխարգելելի և բուժելի է, և անհրաժեշտ է ազատվել այն առասպելից, թե ծերանալով անխուսափելիորեն օստեոպորոզ կզարգանա:
Ըստ նրա՝ ոսկրի խտության ստուգումը, որը Միացյալ Նահանգներում վճարվում է բժշկական ապահովագրությամբ, կարող է օգնել կանանց և բժիշկներին որոշել, թե արդյոք օստերոպորոզի բուժում է հարկավոր: