Սոմալիի զինյալներն արգելել են Կարմիր խաչի գործունեությունն իրենց տարածքում

Սոմալիի զինյալներն արգելել են Կարմիր խաչի գործունեությունն իրենց տարածքում

Սոմալիի զինյալների «ալ-Շաբաբ» խմբավորումն արգելել է իր վերահսկողության տակ գտնվող տարածքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեությունը:

«Ալ-Շաբաբ»-ի կողմից երկուշաբթի օրը տարածված հաղորդագրության մեջ նշվել է, որ Կարմիր խաչը «չարաշահել է» տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց վստահությունը՝ մեղադրելով խմբավորման զինյալներին «սննդամթերքի բաշխման համար խոչընդոտներ ստեղծելու մեջ»:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն խմբավորման այս հայտարարության վերաբերյալ դեռևս որևէ արձագանք չի տրամադրել:

Մարդասիրական միջազգային այս կազմակերպությունը հունվար ամսվա սկզբին հայտնել է Սոմալիի կենտրոնական և հարավային մասերում բնակվող ավելի քան մեկ միլիոն մարդու համար նախատեսված պարենային օգնության բաշխումը դադարեցնելու մասին՝ տեղական իշխանությունների կողմից Սոմալիի երկու շրջանում պարենի բաշխման գործընթացին խոչընդոտելու պատճառով:

Աֆրիկայի եղջյուր թերակղզում բազում տարիներ տևող հակամարտության պատճառով Սոմալիի միլիոնավոր բնակիչների գոյությունը կախված է օտարերկրյա պետությունների կողմից տրամադրվող մարդասիրական օգնությունից:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այն սակավաթիվ կազմակերպություններից էր, որոնք դեռևս գործում են «ալ-Շաբաբ»-ի կողմից վերահսկվող տարածքներում: