ՄԱԿ. «Սովն ավարտվել է, սակայն միլիոնավոր մարդիկ դեռևս օգնության կարիքն ունեն»

Միավորված ազգերի կազմակերպությունը պաշտոնապես հայտարարել է Սոմալիում սովի ավարտի մասին՝ զգուշացնելով սակայն, որ բազմաթիվ տարիների պատերազմից տառապող այս երկրի բնակչության գրեթե մեկ երրորդը դեռևս ունի պարենային օգնության կարիքը:

ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունն ուրբաթ օրը հայտնել է, որ լավ բերքի և օտարերկրյա պետությունների կողմից պարենային օգնության տրամադրման միջոցով Սոմալիի հարավային տարածքներում սովի իրավիճակը վերածվել է ավելի մեղմ՝ «արտակարգ» գնահատվող իրավիճակի:

Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրեն Հոսե Գրացիանոն զգուշացրել է սակայն, որ ձեռք բերված արդյունքները շատ անկայուն են և առանց շարունակական աջակցության իրավիճակը կարող է կրկին սրվել:

«Այս ժամանակահատվածում նկատվում է պարենային հիմնական տեսակների բերքի ավելի քան 200 տոկոս կազմող բարելավում, և նման արդյունքների հնարավոր կլինի կրկին հասնել այն դեպքում, եթե գալիք 90 օրվա ընթացքում գյուղացիներին շարունակվի օժանդակության տրամադրումը», - ասել է Գրացիանոն՝ հավելելով. «Տարածաշրջանում ևս մեկ սով կանխելու համար մնացել է 100 օրից քիչ ժամանակ. սա շատ կարևոր ուղերձ է»:

Աֆրիկայի եղջյուր թերակղզու բնակչությունը ապաքինվում է 60 տարվա ընթացքում գրանցված ամենասաստիկ երաշտից, որի զոհ է գնացել տասնյակ հազարավոր մարդ, իսկ Սոմալիի հարյուր հազարավոր բնակիչներ սննդի և խմելու ջրի բացակայության պատճառով լքել են իրենց բնակավայրերը և այժմ բնակվում են Քենիայի, Եթովպիայի և Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյի մոտակայքում հիմնադրված փախստականների ճամբարներում:

Երաշտի պատճառով առաջացած ճգնաժամի գագաթնակետին սովամահ կարող էր լինել մոտ 750 հազար մարդ: