Սոմալեցի ծովահենները թույլ են տվել թուրքական նավի երթը դեպի Թուրքիա

Սոմալիի ծովահեններն ազատ են արձակել 4 ամիս առաջ առեւանգված թուրքական բեռնատար նավն ու նրա տախտակամածին գտնվող 21 հոգանոց անձնակազմին։

Նավի սեփականատիրոջ խոսնակն ասել է, թե ծովահենները լքել են նավը հինգշաբթի օրը վաղ առավոտյան՝ նրա վրա ազատ թողնելով անձնակազմի թուրք 19 եւ ուկրաինացի երկու անդամներին։

Նրա խոսքերով, նավի ու անձնակազմի ազատ արձակումը տեղի է ունեցել անցկացված բանակցությունների արդյունքում, սակայն նա չի ասել, թե արդյոք փրկագին վճարվել է ծովահեններին, թե ոչ։ Նա տեղեկացրել է նաեւ անձնակազմի անդամների առողջական լավ վիճակի մասին։

Ծովահենները Իսրայելից Թաիլանդ պարարտանյութ տեղափոխող նավն առեւանգել էին Հնդկական օվկիանոսում մարտի 23-ին։

Եւրոպական Միությունն ու աշխարհի մի շարք այլ երկրներ հսկողություն են սահմանել Սոմալիի ափերին՝ միջազգային նավարկությունների անխափան երթն ապահովելու համար։ Սակայն հակառակ այս ջանքերին, Սոմալիի ծովահեններին անցած մի քանի տարիների ընթացքում հաջողվել է առեւանգել տասնյակ նավեր՝ դրա արդյունքում վաստակելով միլիոնավոր դոլարների հասնող փրկագին։


Այս պահին էլ սոմալեցի ծովահենների տրամադրության տակ է գտնվում 16 նավ՝ ընդհանուր հաշվով 2ՕՕ հոգանոց անձնակազմով։