ԱՄՆ-ի հեռավոր վայրերի փոքր համայնքները հիշում են ահաբեկչական հարձակումները

Տեխաս նահանգի Նակոդոչես քաղաքի մոտակայքում «Կոլոմբիա» տիեզերանավի ընկած մնացորդներից մեկը

2001 թվականի սեպտեմբերի 11-ին Նյու Յորք ու Վաշինգտոն քաղաքները և Փենսիլվանիա նահանգը ահաբեկիչների հարձակումների հիմնական թիրախն էին։ Սակայն զանգվածային լրատվամիջոցների շնորհիվ ահաբեկչական հարձակումների դեպքի վայրերից հեռու, փոքրիկ քաղաքներում և գյուղական վայրերում ամերիկացիները նույնպես զգացել էին այդ հարձակման հետ կապված զայրույթն ու վիշտը:

Երգիչ և երգահան Սինդի Գրեյսընն ապրում է Նակոդոչեսում, որովհետև իրեն դուր է գալիս լինել մեծ քաղաքների լարվածությունից հեռու:

Ինքը հետևում է լուրերին, սակայն հեռու է գտնվում պատերազմներից և հակամարտություններից:

«Մասամբ զգում եմ, որ այդ ամենը տեղի է ունենում մեկ ուրիշ վայրում, սակայն Նակոդոչեսում բոլորովին այլ աշխարհ է», - ասում է Գրեյսընը:

Սակայն Գրեյսընն ասում է որ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակման ժամանակ այդ սարսափելի դեպքերը կարծես ավելի մոտ էին իր քաղաքին։ Եվ երբ «Կոլոմբիա» տիեզերանավը 2003 թվականի կործանվեց և տիեզերանավի մասերը ընկան քաղաքի վրա, նա կարծել էր, թե ահաբեկչական հարձակում է տեղի ունենում:

«Երբ տունը և ամեն ինչ սկսեց ցնցվել, կարծեցի՝ ինչ-որ բան են պայթեցրել Դալասում կամ Հյուսթընում, և մենք դրա ցնցումներն ենք զգում», - ասում է Գրեյսընը:

Նակոդոչեսի 30 հազար բնակիչներից շատերի մոտ ահաբեկչության դեմ Ամերիկայի պայքարի հետ կապը ավելի խորն է :

Քերոլին Ադամսի երկու որդիները ծառայում են ամերիկյան բանակում: Իր կարծիքով, Աֆղանստանում Միացյալ Նահանգների գործողությունները և Օսամա բին Լադենի սպանությունը Պակիստանում նվազեցրել են ահաբեկչության վտանգը:

«Գիտենք, որ բին Լադենը համախոհներ ունի, սակայն նրան ոչնչացնելն անհրաժեշտ էր», - ասել է Ադամսը:

Թոշակի անցած բժիշկ Քերոլ Գրեգըրին սգում է պատերազմի հետևանքով զոհվածների և տուժածների համար, սակայն վստահ չէ, թե որքանով են դրանք Ամերիկան դարձրել պաշտպանված:

«Դեռ անհանգստացած եմ, որ դա կարող է նորից պատահել. վստահ չեմ, որ մենք ապահով ենք», - ասում է Գրեգըրին:

Նակոդոչեսի բնակիչների անվտանգությունն ապահովող մարդկանցից մեկը սերժանտ Գրեգըրի Սոուելն է: Ըստ նրա՝ Նակոդոչեսն երբևէ այդքան լավ պաշտպանված չի եղել՝ շնորհիվ Միացյալ Նահանգների ԱՄՆ–ի ներքին անվտանգության նախարարության կողմից տրամադրվող դրամաշնորհների:

«Մենք ավելի շատ սարքավորում ունենք, քան երբևէ երազել ենք ունենալ՝ այս չափի քաղաքի համար», - ասում է Սոուելը:

Ըստ Սոուելի, դաշնային դրամաշնորհների օգնությամբ Տեխասի արևելքի քաղաքներն այժմ համագործակցում են աղետների դեպքում արտակարգ իրավիճակներին արձագանքելու ցանցի ստեղծման շուրջ:

«Այդ ծրագրերը և միջոցները Նակոդոչեսում գործի դրվեցին Ռիտա և Այք փոթորիկների ժամանակ», - ասում է Սոուելը:

«Այստեղ կյանքը հիմնականում դանդաղ է և հեշտ: 2001 թվականի սեպտեմբերի 11-ի օրվա զգացմունքների ազդեցությունը նույնիսկ թուլացել է այստեղ», - ասում է Նակոդոչեսի համալսարանի պատմության պրոֆեսոր Արչի ՄըքԴոնալդը ՝ հավելելով. «Մարդկանց մեծ մասը հավանաբար չի հիշում, թե ահաբեկչական այդ գործողություններից քանի տարի է անցել: Սակայն երբ մոտենում է տարելիցի օրը, մարդիկ ավելի շատ ուշադրություն են դարձնում և կազմակերպում են հիշատակի միջոցառումների»:

Ըստ ՄըքԴոնալդի ՝ սեպտեմբերի 11-ն ի վերջո կդառնա Ամերիկայի պատմական օրերից մեկը, որ ամերիկացիները նշում են, ինչպես Անկախության օրն է:

«Այժմ բոլորս տոնում ենք հուլիսի 4-ը: Մենք չենք հիշում, թե որքան մարդ է մահացել 235 տարի առաջ այդ օրերին», - ասում է ՄըքԴոնալդը:

Միացյալ Նահանգների վրա հարձակման 10-րդ տարելիցին մարդիկ շարունակում են հուսալ, որ իրենց, իրենց համայնքների և երկրի անվտանգությունն ապահովված է: