«Շաթլ» տեսակի «Դիսքավերի» տիեզերանավի ուղևորությունը դեպի Միջազգային տիեզերակայան կրկին հետաձգվել է, քանի որ ԱՄՆ-ի օդագնացության և տիեզերքի գործակալությունը շարունակում է տիեզերանավի վառելիքի արտաքին բաքի վերանորոգման աշխատանքները:
ՆԱՍԱ-ից հայտնել են, որ գործարկման ամսաթիվը տեղափոխվել է, և այժմ տիեզերանավի արձակումը նախատեսվում է իրականացնել փետրվար ամսվա վերջին:
«Դիսքավերի» տիեզերանավի վառելիքի բաքի մետաղյա հենարաններում ճեղքվածքները հայտնաբերվել էին անցյալ տարվա նոյեմբերին, երբ ջրածնի արտահոսքի պատճառով գործակալությունը ստիպված էր դադարեցնել տիեզերանավի արձակումը:
Միջազգային տիեզերակայան պաշարներ տեղափոխելու «Դիսքավերի»-ի առաքելությունը կարող է լինել ԱՄՆ-ի օդագնացության և տիեզերքի գործակալության կողմից արդեն 30 տարի իրականացվող «Շաթլ» ծրագրի շրջանակներում վերջին առաքելություններից մեկը:
Նախատեսվում է, որ «Շաթլ» տեսակի տիեզերանավերի օգտագործումը կդադարեցվի այս տարի: