Սերժ Թանկյանը երգ է ձայնագրել՝ նվիրված Հայաստանում ժողովրդական շարժման

Թանկյանը նվիրել է Կոմիտասի «Գարուն ա» ստեղծագործության իր կատարման ձայնագրությունը «Հայաստանում բոլոր նրանց, ովքեր պայքարում են դրական փոփոխությունների համար»
«Ամերիկահայ երաժիշտ և մարդու իրավունքների ակտիվիստ Սերժ Թանկյանը նվիրել է Կոմիտասի «Գարուն ա» ստեղծագործության իր կատարման ձայնագրությունը «Հայաստանում բոլոր նրանց, ովքեր պայքարում են դրական փոփոխությունների համար»:

Այս մասին հաղորդել է «Ասպարեզ» պարբերականը՝ նշելով, որ «System of a Down» խմբի մենակատար Թանկյանն այս կատարումը ձայնագրել է դաշնակահար Տիգրան Համասյանի հետ միասին:

Թանկյանի համաձայն, այս երգը կընդգրկվի իր ապագա «Jazz-iz-Christ» ալբոմի մեջ, որը նախատեսված է ներկայացնել ունկնդիրների ուշադրության այս ամռանը:

Հիշեցնենք, որ Սերժ Թանկյանը, փետրվարի 18-ին Հայաստանում անցկացված նախագահական ընտրություններից հետո նամակ է հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին՝ քննադատելով Հայաստանում վերջինիս իշխանության օրոք տեղ գտած խախտումները և կոչ անելով Սարգսյանին միավորել և ոգեշնչել բոլոր հայերին:

«Բազմաթիվ սփյուռքահայերի նման՝ ես միշտ վարանել եմ Ձեր իշխանությունը քննադատելուց ուղղակիորեն և հրապարակայնորեն: Բայց այն փաստը, որ ժողովրդի անհամար բազմությունը տառապում է ձեր իշխանության տակ կաշառակերության և անարդարության պատճառով, կշեռքի նժարները խախտում է բոլորիս համար: Դուք պետք է այս իմանաք», - ասել էր Թանկյանը՝ հավելելով. «Հայաստանը անհապաղ կարիք ունի oրենքի իշխանության առավել քան որևէ այլ բանի: Ոչ մեկը չի կարող լինել oրենքից բարձր»: