ԱՄՆ-ի Սենատի մեծամասնության ղեկավար Հարրի Ռիիդի եւ 9 այլ սենատորների մասնակցությամբ մի շարք հանդիպումներ են կայացել Չինաստանում այս երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Նրանց ընդունել են նաեւ երկրի փոխնախագահ Քսի Ջինպինը եւ խորհրդարանի ղեկավար Ուու Բանգուոն։
Ամերիկյան այս պատվիրակությունն ԱՄՆ-ից Չինաստան այցելած պաշտոնական նախորդ բոլոր պատվիրակություններից ամենամեծն է։
Բանակցությունները կենտրոնանալու են տնտեսական վիճահարույց հարցերի եւ Չինաստանում այլախոհներին հետապնդումների ենթարկելու հանգամանքի վրա։ Հատկապես վերջին մի քանի շաբաթների ընթացքում Չինաստանում ձերբակալվել են տասնյակ իրավապաշտպաններ եւ մարդու իրավունքների պաշտպաններ։
Սենատորներին հետաքրքրում է նաեւ Չինաստանում շրջակա միջավայրի համար մաքուր էներգիա արտադրելու ուղղությամբ տարվող աշխատանքների հաջողությունը։