Սենատոր ՄըքՔեյնը կրկին կայցելի Ուկրաինա

ԱՄՆ-ի հանրապետական սենատոր ՄըքՔեյնն ու դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ իր գործընկեր, սենատոր Քրիստոֆեր Մերֆին այցելել էին Կիև անցյալ տարվա դեկտեմբերին (արխիվային լուսանկար)

ՄըքՔեյն. «Պուտինը էությամբ ՊԱԿ-ի գնդապետ է, ապարատչիկ, որն ասել է, որ 20-րդ դարի ամենամեծ ողբերգությունը Խորհրդային Միության փլուզումն է եղել»
ԱՄՆ-ի սենատոր Ջոն ՄըքՔեյնը կգլխավորի Միացյալ Նահանգների երկու կուսակցությունների ներկայացուցիչ սենատորներից կազմված՝ հինգշաբթի օրը Ուկրաինայի մայրաքաղաք ժամանող պատվիրակությունը:

ԱՄՆ-ի հանրապետական սենատոր ՄըքՔեյնն ու դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ իր գործընկեր, սենատոր Քրիստոֆեր Մերֆին այցելել էին Կիև անցյալ տարվա դեկտեմբերին՝ Ուկրաինայում այդ ժամանակ անցկացվող հակակառավարական ցույցերի ընթացքում, որոնց արդյունքում տապալվել էր ռուսաստանամետ նախագահ Վիկտոր Յանուկովիչի իշխանությունը:

Սենատոր ՄըքՔեյնը, հանդես գալով Ջորջ Վաշինգտոնի համալսարանում անցկացված հանդիպման ժամանակ, նշել է, որ ԱՄՆ-ի Կոնգրեսը պետք է դիմի Մոսկվայի դեմ ուղղված մի շարք քայլերի, որոնցից մեկը կդառնա «անհատների, մասնավորապես՝ Մագնիտսկիի և մարդու իրավունքների այլ խախտումների և կաշառակերության համար մեղավոր, Պուտինի շրջապատում գտնվող օլիգարխների նկատմամբ պատժամիջոցների ընդունումը»:

Իր խոսքում սենատոր ՄըքՔեյնն առաջարկել է նաև, որ Միացյալ Նահանգները հակահրթիռային պաշտպանության համակարգեր պետք է գործարկի Չեխիայում և Լեհաստանում և արագացնի ՆԱՏՕ-ի կազմում Վրաստանի և Մոլդովայի ընդունման գործընթացը: Սենատորի համոզմամբ, այս քայլերը կնպաստեն «Պուտինի կողմից իր վարքը փոխելուն»:

Սենատոր ՄըքՔեյնը, բացի այդ, հորդորել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին դադարեցնել «Ռուսաստանի հետ վերագործարկման կոճակ սեղմելը» և «հասկանալ Պուտինի էությունը. նա էությամբ ՊԱԿ-ի գնդապետ է, ապարատչիկ, որն ասել է, որ 20-րդ դարի ամենամեծ ողբերգությունը Խորհրդային Միության փլուզումն է եղել»: