Մորնինգսթար. «Ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծումը տարածաշրջանում ԱՄՆ-ի քաղաքականության առաջնահերթությունն է»

ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում այսօր կայացել է նախագահ Բարաք Օբամայի կողմից Ադրբեջանում դեսպանի պաշտոնում առաջադրված Ռիչարդ Մորնինգսթարի թեկնածության քննարկումը:

Քննարկումը բացել է Հանձնաժողովի նախագահ, սենատոր Ջոն Քերին, որն իր գործընկերներ, սենատորներ Ջին Շահինի և Ռոբերտ Մենենդեսի հետ միասին դեսպանի թեկնածուին ուղղել են ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների շուրջ հարցեր:

Ամերիկայի հայկական կազմակերպությունների կողմից տարածված հաղորդագրությունների համաձայն, քննարկումները նախագահող սենատոր Շահինը մտահոգություն է արտահայտել Ադրբեջանում մարդու իրավունքների չդադարող խախտումներով և հորդորել բոլոր կողմերին խաղաղ լուծում գտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:

Դեսպանի թեկնածու Մորնինսթարն իր հերթին նշել է, թե «տարածաշրջանում Միացյալ Նահանգների քաղաքականությունը չունի Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը խաղաղ ճանապարհով լուծելուց քաղաքական առավել բարձր առաջնահերթություն»:

Քննարկումներին մասնակցող սենատոր Ռոբերտ Մենենդեսը լուրջ մտահոգություն է արտահայտել Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի թույլ տրված խախտումներով, որոնք համընկել են հարավկովկասյան տարածաշրջան ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընի այցելության հետ, ներառյալ, ըստ սենատոր Մենենդեսի, «միջսահմանային ներխուժումը, որի պատճառով սպանվել է Հայաստանի երեք և վնասվածքներ ստացել հինգ զինծառայող, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կոնտակտային գծի երկայնքով կատարված խախտումները»:

«Այս գործողությունները վերահաստատել են Ադրբեջանի նախագահի սպառնալիքներն այն մասին, թե «հայերը պետք է ապրեն վախի մեջ», - ասել է սենատոր Մենենդեսը:

Մեջբերելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությունը, որտեղ վերջինս ասել է, թե «մեր թշնամին համայն հայությունն է», սենատոր Մենենդեսը հարց է ուղղել դեսպանի թեկնածու Մորնինգսթարին, թե արդյոք նման հռետորաբանության լույսի ներքո թեկնածուն կարծում է, որ Միացյալ Նահանգների կողմից սպառազինության առաջարկված վաճառքը համապատասխանում է ԱՄՆ-ի շահերին: Ի պատասխան այս հարցին Մորնինգսթարն ասել է, որ իր թեկնածությունը հավանության արժանացնելու դեպքում ինքը «կանի ամեն ինչ՝ դրան խոչընդոտելու համար», ինչպես նաև նման արտահայտություններ օգտագործելու մտադրություններին կամ բոլոր «այն գործողություններին, որոնց արդյունքում կարող է արյուն թափվել», լրացուցիչ լարվածություն կամ անկայունություն ստեղծվել:

Բացի այս, Մորնինգսթարը կողմ է արտահայտվել Ազատության աջակցման ակտի 907-րդ ուղղման ճշգրիտ իրականացմանը՝ հավելելով, որ Ադրբեջանին տրամադրվող անվտանգության որևէ աջակցություն «չպետք է սրի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հետ կապված որևէ իրավիճակ»:

Սենատոր Մենենդեսը Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի Ռիչարդ Մորնինգսթարի թեկնածության քննարկման ընթացքում մտահոգություն է արտահայտել նաև այն հանգամանքով, թե ինչու Ադրբեջանի կողմից Ջուլֆայում հայկական հինավուրց գերեզմանատան ոչնչացումը չի ներառվել ԱՄՆ-ի արտգործնախարարության Աշխարհում կրոնական ազատությունների վերաբերյալ զեկույցում և հորդորել է Մորնինգսթարին առաջնահերթ նշանակություն տալ գերեզմանատան վայրի այցելությանը:

Թեկնածու Մորնինգսթարն ասել է, որ «նման սրբապղծությունն անընդունելի է», և խոսք է տվել անել ամեն ինչ՝ այս վայրն այցելելու համար: Նա նշել է նաև, որ իր օրակարգի հիմնական մասերից մեկը լինելու է Ադրբեջանում կրոնական ազատությունների ամրապնդմանն ուղղված աշխատանքը, ներառյալ Հայ եկեղեցու իրավունքների պաշտպանությունը:

Սենատոր Մենենդեսը, ավարտելով Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի թեկնածուի հարցաքննումը, հարց է ուղղել վերջինիս այն մասին, թե արդյոք նա վիճարկում է 1915 թվականի իրադարձությունների փաստը: Մորնինգսթարը պատասխանել է՝ ասելով, որ չի վիճարկում այս փաստերը: