Կոնգրեսական Շիֆը կոչ է արել դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը

«Միացյալ Նահանգները պետք է չհանդուրժի Հայաստանի կամ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ որևէ ագրեսիա»
ԱՄՆ-ի Կոնգրեսի արտաքին հատկացումների հանձնաժողովի ավագ անդամ, կոնգրեսական Ադամ Շիֆը այսօր հորդորել է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի և Սենատի իր գործընկերներին դադարեցնել անվտանգության ոլորտում Ադրբեջանին հատկացվող օգնությունն ամբողջությամբ:

Ամերիկահայ կազմակերպությունների կողմից տարածված հաղորդագրություններում նշվել է, որ կոնգրեսականը նման պահանջով դիմել է՝ արձագանքելով 2004 թվականին Հունգարիայում «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին մասնակցող հայազգի սպային քնի մեջ կացնահարած մարդասպան Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից ներում շնորհելու և պարգևատրելու հետ կապված սկանդալին:

Կոնգրեսական Շիֆի կողմից ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի Պետական արտաքին գործառնությունների ենթահանձնաժողովի նախագահ Քեյ Գրենջերին և հանձնաժողովի ավագ անդամ Նիտա Լոուիին, ինչպես նաև ԱՄՆ-ի Սենատի նույնանուն հանձնաժողովի նախագահ, սենատոր Փեթրիկ Լեհիին և հանձնաժողովի ավագ անդամ Լինդսի Գերհեմին հասցեագրված նամակում նշվել է, որ «Ադրբեջանը, հերոսացնելով մարդասպանին, իրականացրել է արդարադատության ամենասարսափելի կործանումը: Ադրբեջանի ուժերի վերապատրաստման վրա ֆինանսական միջոցներ ծախսելն ավելի զարհուրելի է, քան պարզապես դրանց վատնումը: Միացյալ Նահանգները պետք է չհանդուրժի Հայաստանի կամ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ որևէ ագրեսիա, իսկ նախագահ Ալիևի կողմից ձեռնարկված՝ ատելությամբ լի այս գործողությունը խարխլում է միջազգային հանրության կողմից տարածաշրջանում խաղաղ լուծում գտնելու ուղղությամբ գործադրվող բոլոր ջանքերը»:

«Ադրբեջանը պետք է թանկ վճարի իր գործողությունների համար: Բաքվի համար Վաշինգտոնից ստացվող անվտանգության ոլորտի աջակցությունը արժեքավոր է ոչ թե այն պատճառով, որ այս պետությանը գումար է անհրաժեշտ (նման անհրաժեշտություն չկա), այլ այն, որ այս օգնությունը երկկողմ հարաբերություններում առկա որոշակի սերտություն է խորհրդանշում: Դադարեցնելով Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը՝ Միացյալ Նահանգները կազդարարի, որ Սաֆարովի գործը նողկանք է առաջացրել, և միաժամանակ կհիշեցնի Ալիևին, որ Միացյալ Նահանգները չի հանդուրժի Հայաստանի կամ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ որևէ ագրեսիա», - շեշտել է կոնգրեսական Շիֆը՝ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի և Սենատի իր գործընկերներին ուղղված նամակում: