Սեպտեմբերի 29-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը նվիրված էր Հայաստանին հուզող տարածաշրջանային ու համաշխարհային խնդիրներին:
Հայաստանի Հանրապետության Նախագահը շնորհակալություն հայտնեց Հռոմի պապին և այն երկրների ղեկավարներին ու մարմիններին, որոնք իրենց մասնակցությունն էին բերել Հայոց ցեղասպանության դատապարտման գործին:
Սերժ Սարգսյանը մի շարք մեղադրանքներ հնչեցրեց Ադրբեջանի ղեկավարության հասցեին, հակամարտության գոտում լարվածության խթանման ու հարցի խաղաղ կարգավորման վիժեցման համար:
Հիշեցնենք, որ երկու երկրների սահմանահատվածում խոշոր տրամաչափի հրետանային զենքերի կիրառման պատճառով կան բազմաթիվ զոհեր, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում:
Նախագահ Սարգսյանը ՄԱԿ-ի ամբիոնից կոչ արեց ապավինել տրամաբանությանը՝ մատնանշելով Ադրբեջանի սպառազինությունների գերկուտակումները, պաշտոնյաների կողմից պատերազմագոչ հայտարարությունները ու այդ երկրի ռազմական բյուջեի բազմապատկման փաստերը:
ՀՀ-ի նախագահը կոչ արեց Մինսկի խմբի համանախագահներին հասցեական հայտարարություններ անել հրադադարի խախտումների վերաբերյալ:
Ըստ Սերժ Սարգսյանի՝ Մերձավոր Արևելքում ծավալվող հակամարտությունների արդյունքում ոչնչացվում են հայկական մշակութային արժեքները, Իրաքում և Սիրիայում բնակվող բազմաթիվ հայեր սպանվում կամ ամեն օր ենթարկվում են ոչնչացվելու վտանգի:
Նախագահի խոսքերով, մինչ օրս Հայաստանն ընդունել է ավելի քան 16 հազար փախստական միայն Սիրիայից:
Սերժ Սարգսյանը գոհունակություն հայտնեց Իրանի գործարքի կնքնման կապակցությամբ ու անդրադարձավ Հայաստանի համար դրա նպաստավոր հետևանքներին, հիշեցնելով, որ Հայաստանը գտնվում է շրջափակման մեջ: Նա առաջարկեց դեպի ծով ելք չունեցող երկրների խնդիրների լուծման համար ԱՄԿ-ի համաժողովներից մեկը անցկացնել Հայաստանում: Նման քայլերը պետք է դիվանագիտական ջանքերի հիմք ու մեխանիզմ հանդիսանան ծով ելք չունեցող երկրների խնդիրների կարգավորման համար:
Վերջում Սերժ Սարգսյանը Հայաստանի պատրաստակամությունը հայտնեց միջազգային ջանքերի շրջանակներում պայքարելու խավարամտության, վանդալիզմի ու ատելության դեմ: