Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
Նախագահ Սերժ Սարգսյանը Դմիտրի Մեդվեդևի հետ ունեցած հանդիպման ժամանակ վստահություն է հայտնել, որ նա այդ պաշտոնում ևս կնպաստի Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամության ամրապնդմանը:
Հայաստանի նախագահի մամուլի գրասենյակի փոխանցմամբ, Ռուսաստանի կառավարության նախագահն իր հերթին համոզվածություն է հայտնել, որ կշարունակվի իրենց համագործակցությունը ու կպահպանվեն բարեկամական կապերը:
Ռուսաստանի վարչապետը, ըստ հաղորդագրության, շեշտել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա են հատուկ դաշնակցային հարաբերություններ:
Դմիտրի Մեդվեդևը ցանկություն է հայտնել, որպեսզի Հայաստանում առաջընթաց և արդյունավետ զարգացում գրանցվի, և այն նպաստի երկրի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման՝ շեշտելով, որ Ռուսաստանն աջակից կլինի այս բոլոր գործընթացներին:
Ռուսաստանի վարչապետն ընդգծել է նաև, որ Հայաստանն ու Ռուսաստանը մնում են լավ բարեկամներ և դաշնակիցներ:
Ըստ պաշտոնական հաղորդագրության, հանդիպման ընթացքում Դմիտրի Մեդվեդևը նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորել է նաև Հայաստանի խորհրդարանական ընտրություններում նրա գլխավորած Հայաստանի Հանրապետական կուսակցության հաղթանակի կապակցությամբ: