Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի Հայաստանը, անհրաժեշտության դեպքում, պատրաստ է պատերազմել Ադրբեջանի դեմ՝ պաշտպանելով Լեռնային Ղարաբաղը։
«Ֆրանս պրես» գործակալությունը մեջբերել է «Էխո Մոսկվի» ռուսական ռադիոկայանին Հայաստանի նախագահի կողմից տրված հարցազրույցը, որում նա հայտնել է, թե Հայաստանը դեմ է պատերազմին, սակայն դրանից չի վախենում։
«Եթե Լեռնային Ղարաբաղը ինչ-որ հրաշքով նույնիսկ մեկ ժամով հայտնվի Ադրբեջանի վերահսկողության տակ, այնտեղ ոչ մի հայ չի մնա», - ասել է Սարգսյանը։
Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ անցյալ տարվա ընթացքում իրավիճակը դարձել է ավելի լարված՝ խաղաղության բանակցություններում առաջընթաց չգրանցելու, ռազմատենչ հայտարարությունների և շփման գծում հաճախակի դարձած միջադեպերի պատճառով։
Ադրբեջանը շարունակաբար սպառնում է խաղաղության բանակցությունների միջոցով իր համար բավարար արդյունքի չհասնելու դեպքում ուժ գործադրել Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծելու համար, իսկ Հայաստանը զգուշացրել է, որ այդպիսի զարգացումների դեպքում լայնածավալ հակահարված կհասցնի։