Ռուսաստանի ոստիկանությունը խուզարկել է ընդդիմության առաջնորդների բնակարանները

Ռուսաստանի ոստիկանությունն ու քննիչները, Մոսկվայում բողոքի ցույցի ծրագրված անցկացումից առաջ խուզարկել է երկրի ընդդիմության առաջնորդների բնակարանները:

Ռուսաստանի հետաքննչական դաշնային հանձնաժողովի կողմից երկուշաբթի օրը տարածված հաղորդագրությունում նշվել է, որ խուզարկում է անցկացվել անցյալ ամիս նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ կազմակերպված բողոքի ցույցի կազմակերպիչների բնակարաններում:

Հաղորդագրությունում նշվել են Ալեքսանդր Նավալնիի և Սերգեյ Ուդալցովի անունները, որոնք անցյալ ամիս 15 օր անցկացրել են բանտում՝ նախագահ Պուտինի երդմնակալության դեմ բողոքելու համար, ինչպես նաև ցույցերի ընթացքում նախկինում ձերբակալված մեկ այլ ակտիվիստի՝ Իլյա Յաշիի անունը:

Հետաքննչական հանձնաժողովի համաձայն, երկուշաբթի օրն իրականացվել է մոտ 10 խուզարկում:

Երկրի ընդդիմության առաջնորդները հույս ունեն, որ երեքշաբթի օրը կայանալիք բողոքի ցույցին կմասնակցեն մեծ թվով ցուցարարներ: Ցույցն անցկացվելու է Ռուսաստանի նախագահ Պուտինի կողմից չարտոնված հավաքներին մասնակցելու համար նախատեսված տուգանքները զգալիորեն բարձրացրած օրենքի փոփոխությունները ստորագրելուց օրեր անց:

Վլադիմիր Պուտինը, որը 2008 թվականին Ռուսաստանի նախագահի պաշտոնն ազատելուց հետո զբաղեցրել էր վարչապետի պաշտոնը, այս տարվա մարտի 4-ին անցկացված նախագահական ընտրությունների ընթացքում զգալի առավելությամբ առաջ էր անցել այլ թեկնածուներից՝ հավաքելով ձայների մեծամասնությունը:

Ռուսաստանի ընդդիմությունը սակայն վիճարկել է ընտրություններում Պուտինի տարած հաղթանակը՝ «գողացած ընտրություններ» անվանելով դրանք:

Աշխարհի պետությունների առաջնորդները որոշ վերապահումներով են ընդունել Պուտինի հաղթանակը, իսկ միջազգային դիտորդները նշել էին, որ նախընտրական պայքարն անցկացվել էր Պուտինի օգտին հստակ «թեքումով»՝ ապահովելով նրան ձայների գերակշռող մեծամասնությունը:

ԵԱՀԿ-ի համաձայն, լրատվամիջոցներում Պուտինն ուներ հստակ առավելություն, իսկ ընտրություններին մասնակցել են սահմանափակ թվով թեկնածուներ, քանի որ գրանցման պահանջները խոչընդոտել են այլ թեկնածուների մասնակցությունը:

Կազմակերպությունը հայտնել էր նաև, որ ընտրատարածքների մեկ երրորդում ընտրակեղծիքներ են գրանցվել:

Պուտինի ընդդիմախոսների համաձայն, իր վերադարձը նախագահի պաշտոնին միշտ էր նախատեսվել, և իրականում Պուտինը երբեք չի հրաժարվել իշխանությունից: