«ՎԿոնտակտե»-ն արգալափակել, ապա՝ ապաարգելափակել են

Ռուսաստանի իշխանությունները խոստովանել են, որ մեծ ժողովրդականություն վայելող սոցիալական ցանց մուտքի արգելափակումը «կատարվել է սխալմամբ»
Մուտքի դեպի Ռուսաստանի սոցիալական խոշորագույն «ՎԿոնտակտե» ցանցն ուրբաթ օրը կարճ ժամանակով արգելափակվել էր: Սոցիալական ցանցի արգելափակումը մտահոգություններ է առաջացրել այն մասին, որ կատարվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ընդդիմախոսների կողմից բողոքի ցույցերի կազմակերպման համար օգտագործվող առցանց ֆորումը փակելու փորձ:


«ՎԿոնտակտե» ցանցի արգելափակումը հետևել է սոցիալական ցանցի և դրա հիմնադիր Վլադիմիր Դուրովի նկատմամբ իշխանությունների կողմից ճնշում գործադրելու փորձերին: Վլադիմիր Դուրովին հաճախակի համեմատում են «Ֆեյսբուք» ցանցի հիմնադիր Մարկ Ցուքերբերգի հետ:

«ՎԿոնտակտե» սոցիալական ցանցն ունի գրանցված 210 միլիոն օգտատեր:

Ռուսաստանի իշխանությունների և 28-ամյա Դուրովի միջև տարաձայնությունները սկսվել են այն բանից հետո, երբ վերջինս հրաժարվել է երկրում ցույցերի կազմակերպման համար օգտագործվող ֆորումները փակելու մասին Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության ցուցումը կատարելուց:

Դեպի «ՎԿոնտակտե» կայքն ուրբաթ առավոտյան հնարավոր էր մուտք գործել Մոսկվայում, սակայն, հաղորդագրությունների համաձայն, Ռուսաստանի որոշ մարզերում մուտքը դեպի սոցիալական ցանց արգելափակված է եղել:

Ռուսաստանի կարգավորող մարմնի գործառույթներն իրականացնող «Ռոսկոմնադզոր» պետական կազմակերպությունն ավելի ուշ հայտնել է, որ «ՎԿոնտակտե» ցանցը «սխալմամբ» էր մտցվել «սև ցուցակի» մեջ, և կայքի արգելափակումն արդեն հանված է:

«Այս սխալը տեղի էր ունեցել մարդկային գործոնի պատճառով», - ասել է «Ռոսկոմնադզոր»-ի ներկայացուցիչը: