Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասի անվտանգության ուժերը բերվել են մարտական բարձր պատրաստվածության

Ստավրոպոլի երկրամասում հայտնաբերվել են մեքենաներ, որտեղ եղել են հրազենային վնասվածքներով առնվազն հինգ դիակ, և պայթուցիկ սարք
Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասի անվտանգության ուժերը բերվել են մարտական բարձր պատրաստվածության այն բանից հետո, երբ երկրամասում հայտնաբերվել են մեքենաներ, որտեղ եղել են հրազենային վնասվածքներով առնվազն հինգ դիակ, և պայթուցիկ սարք:

Դիակները հայտնաբերվել էին նախօրեին Ստավրոպոլի երկրամասի երկու շրջաններում հայտնաբերված չորս մեքենաներում: Երկրամասը սահմանակից է Հյուսիսային Կովկասին, որտեղ Ռուսաստանի իշխանությունները ջանքեր են գործադրում՝ հակազդելու իսլամիստ զինյալներին, որոնք սպառնում են խաթարել Սոչիի օլիմպիական խաղերի անցկացումը:

Ստավրոպոլի երկրամասում Ռուսատանի անվտանգության դաշնային ծառայության ներկայացուցիչը հաղորդել է, որ մեքենաներից մեկի կողքին հայտնաբերվել է պայթուցիկ սարք: Այլ մանրամասներ չեն հաղորդվել:

Ռուսաստանը խստացրել է անվտանգության միջոցառումները՝ կապված այս տարվա փետրվարին Սոչիում կայանալիք օլիմպիական խաղերի հետ, որից զգալիորեն կախված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի քաղաքական հեղինակությունը:

Ռուսաստանում անվտանգության ուժերի մարտական բարձր պատրաստվածություն է հայտարարվել նաև Վոլգոգրադում վերջերս տեղի ունեցած երկու պայթյուններից հետո, որոնց զոհ է գնացել առնվազն 34 մարդ:

Վոլգոգրադում տեղի ունեցած պայթյուններից հետո Ռուսաստանի նախագահը խոստացել է «ոչնչացնել բոլոր ահաբեկիչներին»: