http://www.voanews.com/templates/widgetDisplay.html?id=137557973&player=article
Ռուսաստանի իշխանությունները հանդես են եկել հայտարարությամբ, ըստ որի Ռուսաստանը թույլ չի տալ օտարերկրյա ուժեր տեղակայել Սիրիայում:
Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը չորեքշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ՝ ասելով, որ «եթե ինչ-որ մեկը ցանկանում է ուժ կիրառել, ապա նման քայլ չի կատարվի՝ առանց ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հավանության»:
Լավրովի հայտարարությունից մեկ օր առաջ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը քննարկել է Սիրիայի վերաբերյալ Ռուսաստանի կողմից առաջարկված բանաձևի նախագիծը, որտեղ երկրում շարունակվող խռովությունների մեջ հավասարաչափ մեղադրվել են ինչպես կառավարական ուժերը, այնպես էլ ընդդիմությունը:
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Միացյալ Նահանգները պնդում են, որ Սիրիայի իշխանությունների դեմ պետք է ավելի խիստ միջոցներ կիրառվեն, սակայն Ռուսաստանն ու Չինաստանն արգելափակել են նման միջոցների կիրառումը:
Սիրիայի իշխանությունները երեքշաբթի օրը մերժել են Քաթարի կողմից երկիր արաբական պետությունների զինված ուժեր մտցնել այս երկիր՝ ասելով, որ նման քայլը կվատթարացնի իրավիճակը և նախադեպ կծառայի՝ օտարերկրյա միջամտության համար:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման երեքշաբթի օրը քննադատել է Սիրիայում ցուցարարների նկատմամբ շարունակվող բռնությունները և խոսք տվել կրկնապատկել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասսադին հրաժարական ներկայացնել ստիպելուն ուղղված ջանքերը: