Չինաստանի նախագահ Հու Ջինթաոն չորեքշաբթի օրը Չինաստանի հին ընկերոջ նման է ողջունել Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինին՝ ասելով, որ Պեկին կատարվող իր երկօրյա այցի արդյունքում առաջխաղացում է գրանցվել երկու պետությունների միջև հարաբերություններում:
Երկու պետությունների առաջնորդները ջերմ խոսքեր են փոխանակել, ինչին հետևել են փակ դռների հետևում բանակցությունները:
Ռուսաստանի վարչապետը չորեքշաբթի օրն ավելի վաղ հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի Չինաստանի հետ հարաբերությունները ազդեցություն են գործում Ռուսաստանի քաղաքացիների բարեկեցության վրա:
Վարչապետ Պուտինի ու Չինաստանի վարչապետ Վեն Ջիաբաոյի միջև երեքշաբթի օրն անցկացված բանակցությունների ընթացքում երկու պետությունները պարտավորվել են լուծել բնական գազի գնի հետ կապված տարաձայնությունները, որոնք խոչընդոտում են Ռուսաստանի կողմից բնական գազը Չինաստանին վաճառելու խոշոր գործարքի ստորագրման:
Ռուսաստանի պետական «Գազպրոմ» ընկերությունը և Չինաստանի պետական նավթային ընկերությունը երկու տարի առաջ ստորագրել են շրջանակային պայմանագիր, որի համաձայն Չինաստանը հետագա 30 տարվա ընթացքում տարեկան կարող է գնել Ռուսաստանում արդյունահանվող գազի մոտ 70 միլիարդ խորանարդ մետր:
Չինաստանի լրատվամիջոցներին տրված հարցազրույցում Ռուսաստանի վարչապետը մեկնաբանել է ԱՄՆ-ի տնտեսության մասին իր կողմից արված հայտարարությունը:
Պուտինի համաձայն, ինքը չի խոսել Միացյալ Նահանգների մասին որպես համաշխարհային տնտեսության «մակաբույծի» մասին, սակայն նշել է, որ ԱՄՆ-ը չարաշահումներ է կատարում իր արժույթի՝ դոլարի հաշվին, որը, ըստ էության, համաշխարհային միակ տարադրամն է: