Ռուսաստանը հերքում է Սիրիայի նկատմամբ դիրքորոշման փոփոխությունը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար. «Ասադի կառավարությունը փլուզման եզրին է, իսկ Սիրիայի ներկայիս ղեկավարի պաշտոնանկությունը ժամանակի խնդիր է»
Ռուսաստանի արտգործնախարարությունը հերքել է Մոսկվայի կողմից Սիրիայի հարցում քաղաքականության փոփոխության շուրջ տարածված լուրերը:

Արտգործնախարարությունն ուրբաթ օրը հայտնել է, թե արտգործնախարարի տեղակալ Միխայիլ Բոգդանովը վերջին մի քանի օրերի ընթացքում Սիրիայի վերաբերյալ որևէ հայտարարությամբ հանդես չի եկել և «հատուկ հարցազրույցներ» չի տվել:

Հիշեցնենք, որ հինգշաբթի օրը Ռուսաստանի լրատվամիջոցները մեջ են բերել Բոգդանովի խոսքը, որտեղ վերջինս իբր չի բացառել Սիրիայում ընդդիմության հաղթանակի հնարավորությունը: Նման հաղորդագրությունը գնահատվել էր որպես Սիրիայի ազդեցիկ դաշնակից Ռուսաստանի կողմից արված առաջին խոստովանությունն այն հանգամանքի, որ Սիրիայի կառավարությունը տեղի է տալիս հակակառավարական ուժերի նկատմամբ արդեն երկու տարի շարունակվող պայքարում:

Ռուսաստանի արտգործնախարարությունը սակայն պնդում է, որ Բոգդանովն ասել էր, թե «Սիրիայի ընդդիմությունը և իր օտարերկրյա հովանավորները արագ հաղթանակ են կանխատեսում Դամասկոսի վարչակարգի նկատմամբ»: Արգործնախարարության համաձայն, նման արտահայտություն Բոգդանովն արել է Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում ստեղծված իրավիճակը քննարկող Կրեմլի խորհրդատվական մարմնին ուղղված իր խոսքում:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն ասել է, թե հոռետեսորեն է տրամադրված Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի համար այս երկրում շարունակվող քաղաքացիական պատերազմի արդյունքների առումով:

Ռասմուսենը հինգշաբթի օրը նշել է, թե Ասադի կառավարությունը «փլուզման եզրին է», և որ Սիրիայի ներկայիս ղեկավարի պաշտոնանկությունը «ժամանակի խնդիր է»: