Ռուսաստանի հակաահաբեկչական ուժերը զինյալներ են ոչնչացրել Հյուսիսային Կովկասում

Ռուսաստանի հակաահաբեկչական ուժերը զինյալներ են ոչնչացրել Հյուսիսային Կովկասում

Ռուսաստանի հարավում գտնվող Դաղստանում իրավապահ մարմինների հետ երեքշաբթի օրը տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում ոչնչացվել է երկու զինյալ:

Երկրի իշխանությունների համաձայն, ընդհարումը տեղի է ունեցել իրավապահ մարմինների կողմից Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայում իրականացված հատուկ գործողությունների ընթացքում:

«ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, հակաահաբեկչական մարմինների աշխատողները հայտնել են, որ ոչնչացված զինյալներն ունեին կապեր ահաբեկչական այն խմբավորման հետ, որը ծրագրել և իրականացրել է ոստիկանության ծառայողների սպանություններ:

Ռուսաստանի հյուսիսկովկասյան տարածաշրջանում, որտեղ բնակչությունը հիմնականում մահմեդականություն է դավանում, բռնությունները հաճախակի են տեղի ունենում: Չեչնիայի Հանրապետությունում անջատողական երկու պատերազմի ավարտից հետո տարածաշրջանում տարածվել են մահմեդական ահաբեկչական խմբավորումները, և գրեթե ամեն օր ոստիկանության և իշխանության մարմինների վրա հարձակումներ են կատարվում: