ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսի համաձայն, եթե ապագայում պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնած որևէ անձ խորհուրդ տա ԱՄՆ-ի նախագահին ցամաքային մեծածավալ ուժեր ուղարկել Ասիա, Մերձավոր Արևելք կամ Աֆրիկա, նրան պետք է «ուղարկել հոգեբույժի մոտ»։
Գեյթսը, որի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է այս տարվա վերջին, այս հայտարարությամբ հանդես է եկել Վեսթ Փոյնթի ռազմական ակադեմիայի սաների առջև։
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարն ասել է, որ ցամաքային ուժերը պետք է հարմարվեն սահմանափակ բյուջեով փոքրածավալ ռազմական գործողություններ վարելուն: Նրա խոսքերով, ապագայում հնարավոր հակամարտությունների ընթացքում հիմնական դերակատարություն կունենան նավատորմը և օդուժը։
Պաշտոնից հեռանալուց առաջ Գեյթսը մի շարք ելույթներով է հանդես գալու զինված ուժերի ուսումնական հաստատությունների սաների և ստորաբաժանումների ծառայողների առջեւ։