Իրավապաշտպանները երեխաներին խոշտանգելու մեջ են մեղադրել Սիրիայի իշխանություններին

Իրավապաշտպանները երեխաներին խոշտանգելու մեջ են մեղադրել Սիրիայի իշխանություններին

Մարդու իրավունքների ոլորտում գործող կազմակերպություններից մեկը մեղադրել է Սիրիայի իշխանություններին երեխաներին ազատազրկելու և նրանց նկատմամբ խոշտանգումներ գործադրելու մեջ:

Ամերիկյան «Human Rights Watch» կազմակերպության կողմից ուրբաթ օրը հրապարակված զեկույցում նշվել է երեխաների դեմ ազատազրկման վայրերում խոշտանգումներ գործադրելու առնվազն 12 դեպքի ամսին:

Իրավապաշտպան կազմակերպությունը հայտնել է, թե հնարավոր է, որ Սիրիայում նման վերաբերմունքի են արժանացել շատ ավելի մեծ թվով երեխաներ:

Զեկույցում նշվել է, որ Սիրիայի անվտանգության ուժերի կողմից ազատազրկման մեջ պահվող ավելի քան 100 անձ հայտնել են խոշտանգումների կանոնավոր կիրառման մասին նույնիսկ ամենաերիտասարդ տարիքի բանտարկյալների դեմ:

«Human Rights Watch»-ի զեկույցում բերված տեղեկությունների համաձայն, երեխաները պահվում են մեկուսարաններում, նրանց ենթարկում են ծեծի, ցավ են պատճառում էլեկտրականության կիրառմամբ, երկար ժամանակով կախված են թողնում ձեռնաշղթաներից և ծխախոտի գլանակների միջոցով այրվածքներ պատճառում:

Իրավապաշտպան կազմակերպությունը հորդորել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին պահանջել, որպեսզի Սիրիայի իշխանությունները դադարեցնեն մարդու իրավունքների բոլոր խախտումները և համագործակցեն մարդու իրավունքների խախտման դեպքերի հետաքննությունն իրականացնող անձանց և միջազգային դիտորդների հետ: