Թուրքիային զայրացրել են Ռիք Փերիի մեկնաբանությունները

Թուրքիային զայրացրել են Ռիք Փերիի մեկնաբանությունները

ԱՄՆ-ի նախագահական թեկնածու, Տեխասի նահանգապետ Ռիք Փերիի մեկնաբանություներն այն մասին, որ Թուրքիայում կառավարումն իրականացնում են մահմեդական ահաբեկիչները, զայրացրել են Անկարային:

Թուրքիային զայրացրել է նաև այն հանգամանքը, որ Փերին հարցականի տակ է դրել ՆԱՏՕ-ում այս երկրի անդամությունը:

«Վաշինգտոն փոստ» պարբերականի վկայությամբ, հանրապետական թեկնածու Փերիի մեկնաբանություններին ի պատասխան, Թուրքիայի արտգործնախարարությունը հրապարակել է խիստ արձագանք՝ ասելով, թե «մեկնաբանություններն անհիմն ու անտեղի են», և որ «Միացյալ Նահանգները չպետք է ժամանակ կորցնի այն թեկնածուների հետ, որոնք նույնիսկ չգիտեն, թե ով է երկրի դաշնակիցը»:

Տեխասի նահանգապետի կողմից երեքշաբթի օրն արված մեկնաբանությունների հետ որևէ առնչություն չունենալու մասին հայտնել է Միացյալ Նահանգների արտգործնախարարությունը:

«Մենք ընդհանրապես և սկզբունքորեն համաձայն չենք այս հայտարարության հետ», - ասել է արտգործնախարարության խոսնակ Մարկ Թոները՝ անդրադառնալով Ռիք Փերիի կողմից արված հայտարարություններին:

Փերին, այնուամենայնիվ, հետ չի կանգնել իր ասածից: «Սի-Էն-Էն»-ի լրատվական գործակալության փոխանցմամբ, հանդես գալով «Վոլֆ Բլիթցերի օպերատիվ կառավարման կետ» հեռուստահաղորդման ընթացքում, Փերին, անդրադառնալով Թուրքիային, ասել է, թե «այս երկիրը Միացյալ Նահանգներին դեռ պետք է ներկայացնի իր կողմից ձեռնարկված քայլերի բացատրությունը»: