«Լրագրողներ առանց սահմանների». «Տարածքային վեճի պատճառով օտարերկրյա լրագրողներ մուտքը մերժվել է»

«Լրագրողներ առանց սահմանների». «Տարածքային վեճի պատճառով օտարերկրյա լրագրողներ մուտքը մերժվել է»

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը խիստ մտահոգված է այն հանգամանքով, որ Ադրբեջանն ու Հայաստանը շարունակաբար մերժում են լրագրողների մուտքն իրենց տարածքներ` Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության լարվածության ավելացման պատճառով:

Կազմակերպության համաձայն, «լրատվամիջոցները պատանդ են դարձել այս հակամարտությանը»:

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության կայքում հուլիսի 6-ին տեղադրված հրապարակման մեջ Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին կոչ է արվել չներգրավվել լրատվամիջոցներն իրենց միջև տեղի ունեցող դիվանագիտական վեճի մեջ:

«Լրագրողները պետք է ազատ լինել կատարելու իրենց աշխատանքը, որը ներառում է հանրային հետաքրքրություն ներկայացնող թեմաների, ներառյալ Լեռնային Ղարաբաղի խնդրի նման սուր խնդիրների լուսաբանումը: Նրանք պետք է կարողանան տեղաշարժվել` առանց որևէ կողմից թույլտվություն հայցելու: Լրագրողների «սև ցուցակներ» կազմելու հանգամանքը ոչ միայն անընդունելի է, այլև` անարդյունավետ» - շեշտել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը:

Կազմակերպության համաձայն, գրանցված նման վերջին դեպքն է ռուսական «Իզվեստիա» օրաթերթի լրագրող Յուրի Սնեգիրևի դեպքը, որի մուտքը Ադրբեջան մերժվել է հուլիսի 1-ին` հունիսի 29-ին և 30-ին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հրապարակված երկու հոդվածի պատճառով: Արգելքի մասին հայտարարությամբ, ըստ կազմակերպության, հանդես է եկել Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Էլխան Պոլուխովը, որը մեղադրել է Սնեգիրևին լոկ Հայաստանի տեսակետն արտացոլելու մեջ: Լրագրողների կազմակերպության հրապարակման մեջ նշվում է նաև, որ Ադրբեջանի արտգործնախարարությունը բողոքել է, որ Ստեփանակերտ և Շուշի քաղաքների մասին գրելու ժամանակ լրագրողն օգտագործել է հայկական անուններ, այլ ոչ թե բնակավայրերի ադրբեջանական «Խանքենդի» և «Շուշի» անվանումները` չնայած այն հանգամանքի, որ լրագրողն օգտագործել է այս անվանումներն այնպես, ինչպես դրանք սովորաբար օգտագործվում են ռուսերենում:

Վերոհիշյալ դեպքից երեք օր առաջ, հիշեցնում է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը, «Բլումբերգ» լրատվական գործակալության ֆոտոլրագրող Դիանա Մարկոսյանին, Բաքվի օդանավակայան ժամանելուց հետո, մերժվել է մուտքը Ադրբեջան: Այս երկրի իշխանությունները սկզբից պնդում էին, որ «Բլումբերգ»-ը վերջին պահին փոխել է իր կողմից ներկայացված հավատարմագրման դիմումի մեջ նշված անունը, սակայն Մարկոսյանը հայտնել է «Լրագրողներ առանց սահմանների»-ին, որ Ադրբեջան ժամանելուց առաջ երեք շաբաթվա ընթացքում նա կանոնավոր շփումներ է ունեցել Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Էլխան Պոլուխովը հետ, և որ Մարկոսյանի լրատվական գործակալությունը ներկայացրել է պահանջվող բոլոր փաստաթղթերը:

Կազմակերպության հրապարակման մեջ շեշտվել է, որ Պոլուխովը հետագայում խոստովանել է, թե Մարկոսյանի Ադրբեջան մուտք գործելու արգելքի պատճառ էր դարձել իր հայկական ազգանունը` չնայած վերջինս ունի ԱՄՆ-ի և Ռուսաստանի երկակի քաղաքացիություն և երբեք չի այցելել Հայաստան: Ըստ Պոլուխովի, «Բլումբերգ»-ի ղեկավարությունը տեղեկացվել է, որ Ադրբեջանը պատերազմում է Հայաստանի հետ, և այդ պատճառով կարող էին հայազգի Դիանա Մարկոսյանի անվտանգության ապահովման հետ խնդիրներ առաջանալ: «Մենք դիմեցինք լրատվական գործակալությանը Մարկոսյանի փոխարեն մեկ այլ ֆոտոլրագրող ուղարկելու խնդրանքով», - ասել է Պոլուխովը:

Շարունակելով թվարկել լրագրողներին խոչընդոտներ ներկայացնելու դեպքերը` «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն իր հրապարակման մեջ ներկայացրել է Մոսկվայից գործող «Էխո Մոսկվի» անկախ ռադիոկայանի գլխավոր խմբագրի տեղակալ Սերգեյ Բունտմանի դեպքը, որի մուտքը Ադրբեջան արգելվել է մայիսի 23-ին: Ինչպես և Սնեգիրևի դեպքում, Պոլուխովը հանդես է եկել մուտք գործելու արգելքի մասին հայտարարությամբ «Էխո Մոսկվի» ռադիոկայանի կողմից Լեռնային Ղարաբաղի ղեկավարության Բունտմանի հարցազրույցը հեռարձակելուց մեկ օր անց:

Սնեգիրևի նման, Բունտմանը նույնպես առաջացրել էր Ադրբեջանի իշխանությունների զայրույթն այն հանգամանքով, որ այցելել է Լեռնային Ղարաբաղ` առանց իրենց թույլտվության: «Լեռնային Ղարաբաղը», - նշում է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության հրապարակումը, - «դե ֆակտո անկախ պետություն է, և այցելությունն անհրաժեշտ էր` խնդրի անկողմնակալ լուսաբանումն ապահովելու նպատակով»:

«Լեռնային Ղարաբաղի խնդիրը», - նշում է կազմակերպությունը, - «միակ հարցը չէ, որի պատճառով արգելվում է օտարերկրյա լրագրողների մուտքը Ադրբեջան, կամ լրագրողները վտարվում են այդ երկրից»: Հրապարակման մեջ նշվում է Շվեդիայի «Առաջին ազգային Թի-Վի» հեռուստաընկերության հեռուստաօպերատորների թիմի ձերբակալման և օդանավակայան ուղեկցելու դեպքն այն բանից հետո, երբ իրենք փորձել են լուսաբանել ապրիլի 17-ին ընդդիմության կողմից անցկացված բողոքի ցույցը:

Այդ դեպքից մի քանի օր անց, ըստ կազմակերպության, «Նյու Յորք Թայմս» օրաթերթի առաջատար լրագրողներից մեկին հայտնել են, որ նա չի ստանալու մուտքի արտոնագիր, եթե չներկայացնի Ադրբեջանի մասին գրված հոդվածները և չբացատրի, թե ինչու Միացյալ Նահանգներում այդքան շատ են «բացասական տեղեկությունները» Ադրբեջանի մասին: «Նյու Յորք Թայմս»-ի լրագրողը «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությանը հայտնել է, թե «այս ամեն ինչը բավականին անհեթեթ է, և 21-րդ դարում մեկը կարող է լինել Ավստրալիայում և հարցազրույց վարել Լոնդոնի, Մոսկվայի կամ Բաքվի բնակչի հետ: Այս կերպ նրանք կստիպեն մեզ չընդգրկել իրենց կարծիքները կամ մեկնաբանությունները, քանի որ իրենք հրաժարվում են մեր հետ խոսելուց»:

Կազմակերպությունը հրապարակման մեջ նշվել է նաև Հայաստանին առնչվող մի քանի դեպք:

Կազմակերպությունը գրում է, որ «չնայած Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն ավելի քիչ բռնություններ են գործադրում, սակայն Հայաստանի իշխանություններն իրենց հարևաններից առաջ են սկսել լրագրողներին մերժել մուտքն իրենց երկիր»` ներկայացնելով Լիտվայի «Կոմանդա» հեռուստաալիքի չորս անդամից բաղկացած թիմի դեպքը, որոնք ցանկանում էին Լեռնային Ղարաբաղի մասին վավերագրական կինոնկարում օգտագործելու համար հարցազրույցներ նկարահանել, և որոնց մուտքը երկիր արգելվել է մարտի 11-ին` Երևան ժամանելուց հետո: Լրագրողները, ըստ կազմակերպության, ստիպված են եղել լքել երկիրը` օդանավակայանում 28 ժամ սպասելուց հետո:

Կազմակերպությունը նշում է, որ այս դեպքից հետո հայաստանյան մի քանի լրատվամիջոց հրապարակել են վավերագրական կինոնկարի պրոդյուսեր Անդրիուս Բրոկասի Ադրբեջանի լրտես լինելու մասին հաղորդագրություններ, իսկ Հայաստանի արտգործնախարարության բարձրաստիճան պաշտոնատար անձանցից մեկը հայտնել է լրատվամիջոցներին, թե «ակնհայտ էր, որ իրենք նպատակ են հետապնդել վնաս հասցնել Հայաստանի համբավին»: Հրապարակման մեջ նշվել է, որ, ի պատասխան «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության հարցմանը, մարտի 22-ի Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Մկրտչյանն իր նամակում հայտնել է, որ լրագրողների թիմի մուտքն արգելվել է` «անվտանգության նկատառումներից ելնելով»:

«Անցյալ մի քանի ամսվա ընթացքում Ադրբեջանի կողմից արվել է ռազմատենչ մի քանի հայտարարություն, որոնցով այն հայտարարել է իր կողմից կորսված տարածքները վերադարձնելու պատրաստակամության մասին, և այդ հայտարարություններն ուղեկցվել են սահմանամերձ տարածքներում տեղի ունեցած միջադեպերով», - հրապարակման ավարտին նշել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը: