«ԱՄՆ-ի ԱԱԳ-ը ներխուժել է ամբողջ աշխարհում տեղադրված բազմաթիվ համակարգիչներ». զեկույց

ԱԱԳ-ը հաջողությամբ տեղադրել է իր համակարգչային ծրագրերը Ռուսաստանի ռազմական ցանցերում, Մեքսիկայի ոստիկանության և թմրանյութերի անօրինական վաճառքով զբաղվող կարտելների համակարգերում, Եվրամիության կազմում գործող առևտրային կազմակերպություններում, ինչպես նաև Սաուդյան Արաբիայում և Պակիստանում
ԱՄՆ-ի ազգային անվտանգության գործակալությունը, ըստ հաղորդագրությունների, վնասաբեր ծրագրեր է տեղադրել ամբողջ աշխարհում ավելի քան 100 հազար համակարգիչներում, ինչը թույլ է տվել գործակալությանն իրականացնել այդ սարքերի վերահսկողությունը՝ միաժամանակ ստեղծելով ցանցահենային հարձակումների իրականացման համար օգտագործվող «մայրուղի»:

Այս մասին հաղորդել է «Նյու Յորք Թայմս» պարբերականը, որի համաձայն ԱԱԳ-ը հետախուզության նպատակներով օգտագործվող համակարգչային ծրագրերը հիմնականում տեղադրել է՝ մուտք ստանալով դեպի համակարգչային ցանցեր, սակայն գնալով ավելի հաճախ սկսել է կիրառել նաև գաղտնի մի տեխնոլոգիա, որը հնարավորություն է ընձեռել գործակալությանը մուտք գործել համակարգիչներ և փոփոխություն իրականացնել դրանցում պարունակվող տեղեկություններում նույնիսկ այն դեպքում, եթե համակարգիչները միացած չեն եղել համացանցին:

ԱՄՆ-ի ԱԱԳ-ի պայմանագրային նախկին աշխատող Էդվարդ Սնոուդենի կողմից փաստաթղթերը վկայակոչող զեկույցում նշված է, որ ԱՄՆ-ի պաշտոնյաները և համակարգչային ոլորտի մասնագետներն ասում են, թե առանց համացանցին մուտքի համակարգիչները վերահսկելու հնարավորություն են տրամադրում համակարգիչների մեջ տեղադրված հիշասարքերով և համակարգչի այլ մասերով արձակվող ծածուկ ռադիոալիքները:

Պարբերականը գրում է, որ ԱԱԳ-ը հաջողությամբ տեղադրել է իր համակարգչային ծրագրերը Ռուսաստանի ռազմական ցանցերում, Մեքսիկայի ոստիկանության և թմրանյութերի անօրինական վաճառքով զբաղվող կարտելների համակարգերում, Եվրամիության կազմում գործող առևտրային կազմակերպություններում, ինչպես նաև Սաուդյան Արաբիայում և Պակիստանում:

«Նյու Յորք Թայմս»-ի համաձայն, որևէ վկայություն դեռևս չկա այն բանի մասին, որ ԱՄՆ-ի ԱԱԳ-ը տեղադրել է համակարգչային նման ծրագրեր կամ օգտագործել ռադիոհաճախության կիրառմամբ աշխատող տեխնոլոգիան Միացյալ Նահանգների տարածքի ներսում: