«Նախագահ Օբաման Իրանի միջուկային հաստատությունների դեմ հարձակումներ իրականացնելու հրամանագիր էր արձակել»

«Նյու Յորք Թայմս» ամերիկյան օրաթերթի վկայությամբ, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման իր պաշտոնավարման առաջին ամիսների ընթացքում արձակել էր Իրանում միջուկային նյութի հարստացման ձեռնարկությունների ուղղությամբ համակարգչային հարձակումներ իրակնացնելու գաղտնի հրամանագիր:

Թերթը, վկայակոչելով ծրագրին մոտ կանգնած անանուն աղբյուրներին, հաղորդել է, որ այս հրամանագրով Միացյալ Նահանգների կողմից առաջին անգամ «համակարգչային զենքի» է կիրառվել:

Այս ծրագրի մշակումը, ըստ հաղորդագրության, մեկնարկել է նախորդ նախագահ Ջորջ Բուշի պաշտոնավարման օրոք:

«Նյու Յորք Թայմս»-ի փոխանցմամբ, ԱՄՆ-ի նախագահը հրամայել է ուժեղացնել համակարգչային հարձակումները նույնիսկ այն բանից հետո, երբ 2010 թվականին կատարված սխալի պատճառով համակարգչային վիրուսը դուրս էր եկել Իրանի Նաթանզի ձեռնարկության ցանցի սահմաններից և տարածվել ամբողջ աշխարհում:

Համակարգչային մասնագետներն այս վիրուսը, որը ժամանակավորապես շարքից հանել է Իրանում ուրանի զտման համար օգտագործվող ցենտրիֆուգները, «Stuxnet» էին անվանել:

Ամերիկյան օրաթերթի կողմից հրապարակված հաղորդագրության հիմքում ընկած են անցյալ 18 ամսվա ընթացքում այս ծրագրում ներգրավված ամերիկյան, եվրոպական և Իսրայելի, ինչպես նաև ծրագրից դուրս գործող մասնագետների հետ անցկացված հարցազրույցները:

«Նյու Յորք Թայմս»-ի հաղորդագրությունը հրապարակվել է այն ժամանակ, երբ այս շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ի հետազոտական կազմակերպություններից մեկի կողմից ստացված արբանյակային լուսանկարները վկայում են այն մասին, որ Իրանը ռազմական իր հիմնական կայանում փորձում է ոչնչացնել միջուկային զենքի փորձարկման անցկացման հետքերը: