«Հյուսիսային Կորեայի առաջնորդը ամուր պահում է իր իշխանությունը». զեկույց

«Միջազգային ճգնաժամային խումբ». Հյուսիսային Կորեայի ղեկավարին իր պաշտոնից հեռացնելու դավադրության որևէ հստակ նշան չի նկատվում
«Հյուսիսային Կորեայի նոր ղեկավար Կիմ Ջոնգ Ունի իշխանությանը որևէ լուրջ վտանգ չի սպառնում, և քիչ է հավանական, որ նա որևէ բարեփոխումներ անցկացնի աղքատացած իր երկրում»:

Այս մասին հայտնել է «Միջազգային ճգնաժամային խումբ» կազմակերպությունը, որի չորեքշաբթի օրը հրապարակված զեկույցում նշվել է, որ երիտասարդ ղեկավարին իր պաշտոնից հեռացնելու դավադրության որևէ հստակ նշան չի նկատվում՝ չնայած անցյալ ամիս երկրի զինված ուժերի ղեկավարին զբաղեցրած պաշտոնից հեռացնելու հանգամանքի:

Հարավային Կորեայի մամուլում վերջերս հրապարակվել է մի քանի չհաստատված հաղորդագրություն, որոնց մեջ նշվել է Հյուսիսային Կորեայի զինված ուժերի ղեկավար Ռի Յոնգ Հոյին զբաղեցրած ռազմական և քաղաքական բոլոր պաշտոններից հեռացնելուց հետո երկրում իշխանության համար պայքարի մեկնարկի հնարավորության մասին:

«Միջազգային ճգնաժամային խմբի» զեկույցի հեղինակ, ավագ վերլուծաբան Դենիել Պինքստոնը սակայն հայտնել է «Ամերիկայի Ձայն»-ին, որ Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Ջոնգ Ունը «ամուր պահում է իր իշխանությունը»՝ նշելով, որ ապագայում քաղաքականության որևէ զգալի փոփոխության հնարավորություն չի նկատվում:

Զեկույցի համաձայն, անցյալ տարվա դեկտեմբերին իր հոր անսպասելի մահվանից հետո իշխանության գլուխ անցած Կիմ Ջոնգ Ունը կարող է մի քանի տասնամյակ մնալ այս երկրի ղեկավարի պաշտոնում, որի ընթացքում աճելու է Հյուսիսային Կորեայի միջուկային զինանոցը:

Կազմակերպության կողմից հրապարակված զեկույցը նախազգուշացնում է նաև, որ Փխենյանը կարող է կրկնել ռազմական բնույթի սադրանքները, ներառյալ գործողության երկար շառավիղ ունեցող հրթիռների կամ ևս մեկ միջուկային ռումբի փորձարկումը՝ փորձելով ամրապնդել Կիմի հեղինակությունը: