Քլինթըն. «Փարիզում կուսումնասիրվեն որոշ նոր մոտեցումներ»

Ադրբեջան կայացած այցի ժամանակ երկրի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Էլմար Մամադյարովի հետ ունեցած հանդիպումներից հետո ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընը համատեղ ասուլիսի ընթացքում ասել է, որ երկու շաբաթ անց Փարիզում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների և ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի փոխնախագահների միջև կայանալիք հանդիպման ընթացքում կուսումնասիրվեն արցախյան խնդրի լուծման «որոշ նոր մոտեցումներ»:

Ասուլիսի ընթացքում արտգործնախարար Քլինթընը նշել է, որ Ալիևի և Մամադյարովի հետ ունեցած հանդիպումների ընթացքում մանրամասն քննարկվել է Լեռնային Ղարաբաղի խնդիրը, մասնավորապես վերջերս Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած միջադեպերը:

«Ինչպես այս շաբաթվա սկզբին նշել էի Երևանում, խիստ մտահոգված եմ լարվածության աճի վտանգով, ինչը կարող է ունենալ անկանխատեսելի և աղետալի հետևանքներ: Բռնությունների և վրեժխնդրության շրջանը պետք է դադարի, և բոլորը պետք է աշխատեն խաղաղության և 1994 թվականին ստորագրված զինադադարի մասին պայմանագրի պայմանների պահպանման ուղղությամբ: Նախագահ Ալիևի հետ հանդիպման ընթացքում շեշտել եմ, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անել այն ամենն, ինչ կարող է՝ Հելսինկյան եզրափակիչ ակտի բոլոր սկզբունքների հիման վրա կարգավորման հասնելու նպատակով» - ասել է արտգործնախարար Քլինթըւնը՝ հավելելով, որ ինքը դիմել է Ադրբեջանի և Հայաստանի նախագահներին՝ զսպվածություն ցուցաբերելու և խաղաղության, այլ ոչ թե հակամարտության համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու խնդրանքով:

Պատասխանելով հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ լրագրողներից մեկի հարցին, արտգործնախարար Քլինթընն ասել է, որ այս միջադեպերը շատ են տխրեցրել իրեն:

«Ինչպես, համոզված եմ, գիտեք, Երևան ժամանելուն պես տեղեկացա հայ երեք զինվորի սպանության մասին, և նույն մտահոգությունների մասին այսօր տեղեկացա Ադրբեջանում: Ցավալի է մտածել այս երիտասարդ զինվորների և ցանկացած ոգի սպանության մասին. Հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով: Վշտում ենք ադրբեջանցիների և հայերի անիմաստ սպանության մասին: Նրանց մահը պետք է պատվենք՝ հանձն առնելով խաղաղությունը և հնարավորինս արագ պետք է անենք այն ամենն, ինչ կարող ենք՝ խաղաղության ճանապարհին կանգնելու համար»:

ԱՄՆ-ի արտգործնախարարն այնուհետև խոսել է Փարիզում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների և ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների միջև կայանալիք հանդիպման մասին, որի ընթացքում «կուսումնասիրվեն որոշ նոր մոտեցումներ», որոնք, ըստ արտգործնախարար Քլինթընի, իրեն հաջողվեց քննարկել նախագահների և արտգործնախարարների հետ՝ «քանի որ անհրաժեշտ է լուծում գտնել»:

«Արդեն 2012 թվականն է: Վաղուց անցել է այս խնդիրը լուծելու ժամանակը, և ես անելու եմ այն ամենն, ինչ կարող եմ, և դա խոստացել եմ երկու նախագահներին՝ նպաստելու այնպիսի բանաձևի մշակման, որը վերջ կտա այս աղետալի իրավիճակի պատճառով տեղի ունեցող մահերին», - եզրափակելով մամուլի ասուլիսը՝ նշել է ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընը: