Աշխարհի աղքատ թաղամասերում և ապօրինի կառուցված բնակավայրերում ապրող ավելի քան մեկ միլիարդ մարդու համար բնական աղետները գնալով ավելի մեծ վտանգ են ներկայացնում:
Կարմիր խաչի և կարմիր մահիկի կազմակերպությունների միջազգային դաշնության գլխավոր քարտուղար Բեքելե Ջելեթան հայտնել է, որ զարգացող երկրներում թերզարգացած ենթակառուցվածքի և առաջին օգնության ծառայությունների բացակայության պատճառով բնական աղետներն ավելի մեծ վտանգ են ներկայացնում այդ երկրների բնակիչների համար:
Բեքելե Ջելեթայի խոսքերով, այս տարվա սկզբին Հաիթիում տեղի ունեցած երկրաշարժն ապացուցել է բնական աղետների ազդեցությունը զարգացող երկրների վրա:
Երեքշաբթի օրը Կարմիր խաչի կազմակերպության հրապարակած հաշվետվության համաձայն, կլիմայի փոփոխությամբ պայմանավորված աղետները` ջրհեղեղները և ծայրահեղ շոգ եղանակը վտանգ են ներկայացնում նաև քաղաքների աղքատ բնակիչների համար:
Հաշվետվությունում պետություններին և զարգացման գործակալություններին կոչ է արվում պաշտպանություն տրամադրել խոցելի բնակչությանը: