Րաֆֆի Հովհաննիսյանը մեկնարկել է քաղաքացիական բաց խորհրդի աշխատանքը

Քննարկումը վարում էր քաղաքական ակտիվիստ Լևոն Բաղրամյանը
«Րաֆֆի Հովհաննիսյանի հրավերով Ազատության հրապարակում անցկացվեց քաղաքական, սոցիալական և մշակութային տարբեր հարցերի վերաբերյալ հանրային կարծիքի բարձրաձայնմանը միտված քաղաքացիական բաց խորհրդի առաջին հանդիպումը»:

Այս մասին հաղորդագրություն է հրապարակվել Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի կայքում, որի համաձայն միջոցառման նախաձեռնողը լրագրող, Հայաստանի պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էր, ում որպես բանախոս միացավ դասախոս Արա Հարությունյանը:

Քննարկումը, որին, ըստ հաղորդագրության, ներկա են եղել հարյուրավոր մարդիկ՝ լսելու բանախոսներին և քննարկելու օրվա թեման, վարում էր քաղաքական ակտիվիստ Լևոն Բաղրամյանը:

«Այս քննարկումները նոր ժողովրդավարության հիմքն են», — դիմելով հավաքվածներին՝ ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը՝ կոչ անելով բոլոր մտահոգ քաղաքացիներին միանալ ընթացիկ խորհրդակցություններին», - ասված է հաղորդագրության մեջ:

Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն քաղաքացիական բաց խորհրդի հանդիպումները կանցկացվեն Ազատության հրապարակում ամեն օր՝ ընդհուպ մինչև հինգշաբթի, մարտի 21-ը:

«Խորհուրդների շարքի բարձրակետը կդառնա Ազատության հրապարակում ուրբաթ օրը կայանալիք մեծ հանրահավաքը», - ասված է հաղորդագրության մեջ: