Պուտինը հորդորել է Ուկրաինայի անջատողականներին հետաձգել հանրաքվեի անցկացումը

ԵԱՀԿ-ի գործող նախագահն ասել է, որ կազմակերպությունը շուտով կներկայացնի Ուկրաինայում ճգնաժամի հաղթահարման «ճանապարհային քարտեզ»
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի օրը կոչ է արել Ուկրաինայի արևելքում գործող ռուսաստանամետ անջատողականներին հետաձգել Ուկրաինայից այս տարածքների անկախության և Ռուսաստանին միանալու շուրջ հանրաքվեի անցկացումը, որը ռուսաստանամետ անջատողականները նախատեսում են անցկացնել մայիսի 11-ին:

Նախագահ Պուտինը, բացի այդ, ասել է, թե Մոսկվան հետ է քաշել իր զինված ուժերը Ուկրաինայի սահմանների մոտակայքից:

Ուկրաինայում գործող ռուսաստանամետ անջատողականները, որոնց ցանկանում են անցկացնել հանրաքվեն, ասել են, թե իրենք մեծ հարգանք են տածում Պուտինի նկատմամբ և հինգշաբթի օրը քննարկելու են հանրաքվեի կիրակի օրը նախատեսված անցկացումը հետաձգելու հարցը:

Ռուսատանի նախագահը, բացի այդ, ասել է, որ Ռուսաստանն իր զորքերը հետ է քաշել Ուկրաինայի հետ սահմանամերձ շրջաններից:

«Մեզ միշտ ասում են, թե Ուկրաինայի սահմանների մոտակայքում գտնվող մեր զորքերը մտահոգություն են առաջացնում: Մենք հետ ենք քաշել դրանք: Այսօր դրանք Ուկրաինայի հետ սահմանի մոտակայքում չենք, դրանք գտնվում են այն վայրերում, որտեղ ուսումնական կենտրոններում կատարում են իրենց սովորական խնդիրները», - ասել է Ռուսաստանի նախագահը:

Պենտագոնի խոսնակը սակայն հայտնել է «Ամերիկայի Ձայն»-ին, որ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը չի նկատել Ռուսատանի զորքերի տեղափոխության որևէ նշան:

Ռուսատանի զորքերի տեղափոխության մասին չեն հայտնել նաև Ուկրաինայի իշխանությունները:

Պուտինն իր խոսում նշել է նաև, որ մայիսի 25-ին Ուկրաինայում կայանալիք նախագահական ընտրությունները «ճիշտ ուղղությամբ քայլ են լինելու»:

Իր հայտարարությամբ Ռուսաստանի նախագահ Պուտինը հանդես է եկել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ, ԵԱՀԿ-ի գործող նախագահ Դիդյե Բուրկհալտերի հետ անցկացված բանակցություններից հետո:

Պուտինի հետ բանակցություններից հետո ԵԱՀԿ-ի գործող նախագահն ասել է, որ կազմակերպությունը շուտով կներկայացնի Ուկրաինայում ճգնաժամի հաղթահարման «ճանապարհային քարտեզ»: