Պուտինն առաջարկում է «նորացնել ժողովրդավարությունը»

Պուտինն առաջարկում է «նորացնել ժողովրդավարությունը»

Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը խոստովանել է, որ երկրի ժողովուրդը ցանկանում է առավել մեծ դեր ունենալ երկրի կառավարման մեջ, և որ առկա է երկրի քաղաքական համակարգի նորացման անհրաժեշտությունը:

«Կոմերսանտ» թերթում երկուշաբթի օրը հրապարակված հոդվածում Պուտինն ընդունել է, որ կառավարությունը թերացել է երկրի կառավարման մեջ ժողովրդի առավել ակտիվ դերն ապահովելու մեջ:

Ռուսաստանի վարչապետի համաձայն, երկրի քաղաքացիական հասարակությունը «դարձել է անհամեմատ ավելի հասուն, ակտիվ և պատասխանատու», և որ կառավարությունը պետք է ջանքեր գործադրի՝ հասարակության քաղաքական ակտիվությանը համապատասխանելու համար:

Պուտինը սակայն զգուշացրել է, որ պետք է չէ օրինակ վերցնել արտաքին որևէ մոդելներից՝ պնդելով, որ երկրում դաշնային ուժեղ կենտրոնի գոյությունն անհրաժեշտ է:

Հիշեցնենք, որ շաբաթ օրը տասնյակ հազարավոր մարդիկ Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում մասնակցել են վարչապետ Վլադիմիր Պուտինի դեմ ուղղված ցույցերի ։

Ռուսաստանի ժողովրդավարական շարժումը, նախագահական ընտրություններից մեկ ամիս առաջ անցկացված հակակառավարական ցույցով պահանջել է քաղաքական ավելի մեծ ազատություններ։

Ոստիկանության հաշվարկով, Կրեմլի հարևանությամբ գտնվող հրապարակում հակակառավարական ցույցի մասնակիցների թիվը կազմել է մոտ 23 հազար։