Փարիզում այսօր անցկացվել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների՝ ԱՄՆ-ից Ռոբերտ Բրադկեի, Ֆրանսիայից՝ Ժակ Ֆորի և Ռուսաստանից՝ Իգոր Պոպովի հետ, որին մասնակցել է նաև ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
Ըստ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի կողմից տարածված հաղորդագրության, համանախագահները նախարարների հետ քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիները, ինչպես նաև հումանիտար ոլորտում, հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը հետաքննելու մեխանիզմների ուսումնասիրման, պատմական և մշակութային նշանակության կառույցների պահպանությանն առնչվող հարցերում հետագա աշխատանքները:
«Համանախագահները նաև խորը մտահոգություն են հայտնել շփման գծում տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ և ընդգծել են 1994 թվականին հաստատված հրադադարի համաձայնագրի պահպանման անհրաժեշտությունը: Արտգործնախարարները հայտնել են աշխատանքը շարունակելու և հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու իրենց վճռականությունը, ինչպես նաև պատրաստակամությունը՝ իրականացնելու փոխվստահության ավելացմանն ուղղված միջոցառումները, որոնք կարող են բարելավել բանակցային մթնոլորտը», - ասված է հաղորդագրությունում:
«Հանդիպումն ընթացել է դրական, կառուցողական մթնոլորտում: Որպես հաջորդ քայլ, համանախագահները պատրաստվում են նաև այցելել տարածաշրջան», - եզրափակում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի կողմից տարածված հաղորդագրությունը: