Հայաստանի նախագահ. «Ադրբեջանը նոր պատերազմով է սպառնում»

«Մարդասպան Սաֆարովին ներում շնորհելը վերահաստատել է մեր կարծիքն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ապագա չունի Ադրբեջանի կազմում»
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մեղադրել է Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի շուրջ նոր պատերազմով սպառնալու մեջ:

Այս մասին Հայաստանի նախագահն ասել է «Ռոյթերս» գործակալությանը տված հարցազրույցում՝ նշելով, որ «բախումների վերսկսմանը նախապատրաստվելու նպատակով Ադրբեջանը կուտակել է զենքի ահռելի քանակություն»: Սարգսյանը միաժամանակ ասել է, որ Հայաստանը ցանկանում է հակամարտությունը լուծել բանակցային եղանակով, և ինքը ջանք չի խնայի՝ այդ նպատակին հասնելու համար:

«Զինադադարի մասին պայմանագիր ստորագրելուց 18 տարի անց Ադրբեջանը մեզ սպառնում է նոր պատերազմով», - ասել է Սարգսյանը Երևանում տված հարցազրույցում՝ հավելելով. «Երբ ասում եմ՝ Ադրբեջանում կա հայատյացություն և այլատյացություն, երբ ասում եմ՝ Ադրբեջանում առկա է սպառազինությունների վտանգավոր կուտակում, երբ ասում եմ՝ Ադրբեջանը պատրաստվում է վերսկսել ռազմական գործողություններն ու հակամարտությունը կարգավորել ռազմական միջոցներով, դա միանգամայն չի նշանակում, որ չկա բանակցությունները շարունակելու անհրաժեշտություն»:

Հարցազրույցի ընթացքում նախագահ Սարգսյանը նշել է, որ Հունգարիայում ՆԱՏՕ-ի վերապատրաստման ժամանակ հայազգի սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարությամբ սպանած ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելը ցույց է տվել, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող Ադրբեջանի մաս կազմել:

Ըստ Սարգսյանի, Սաֆարովին ներում շնորհելը «վերահաստատել է մեր կարծիքն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ապագա չունի Ադրբեջանի կազմում»:

«Ռոյթերս»-ը հիշեցնում է, որ Ադրբեջանն ավելացրել է Արցախն ուժի կիրառմամբ հետ վերցնելու սպառնալիքները, սակայն Հայաստանն արձագանքել է դրանց՝ ասելով, որ հարձակում կատարելու դեպքում այն կկանգնի Արցախի կողքին:

«Կասկած չունենք, որ Ադրբեջանը ցանկանում է փոխել իրավիճակը՝ կիրառելով ռազմական միջոցներ, և նրանց իղձերին հակազդելու միակ միջոցն է Հայաստանի զինված ուժերի մարտական պատրաստվածությունը», - ասել է Հայաստանի նախագահը՝ կոչ անելով միջազգային հանրությանը ձեռնարկել հստակ քայլեր՝ հակամարտության կարգավորմանը հասնելու նպատակով:

Սարգսյանի համաձայն, Ադրբեջանը խախտում է Եվրոպայում սովորական սպառազինությունների սահմանափակման պայմանագիրը: «Տեսուչները տեղյակ էին այս իրավիճակից և որևէ գործողություն չեն ձեռնարկել», - հիշեցրել է Հայաստանի նախագահը:

Հարցազրույցում Սարգսյանը նշել է, որ մասնակցելու է գալիք տարի կայանալիք նախագահական ընտրություններում՝ վստահություն հայտնելով, որ կդառնա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ականատեսը:

«Ես առնվազն հուսով եմ, որ երբևէ չեմ տեսնի Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, իսկ դա ինքնին արդեն մեծ հաջողություն է», - շեշտել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ եզրափակելով «Ռոյթերս» գործակալությանը տված հարցազրույցը: