Նախագահ Օբաման ամենամյա ուղերձով է հանդես եկել

«Այստեղ՝ Ամերիկայում, մեր հաջողության հիմքում պետք է ընկած լինի ոչ թե ծնվելու պատահականությունը, այլ մեր աշխատանքային էթիկայի հզորությունը և մեր երազանքների շրջանակը»
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման իր ամենամյա ուղերձում անդրադարձել է Միացյալ Նահանգների առջև կանգնած տնտեսական խնդիրներին, ինչպես նաև այս խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:

ԱՄՆ-ի նախագահը նշում է կատարել նաև այն ձեռքբերումների մասին, որոնց իր նախագահության ընթացքում հնարավոր եղավ հասնել Միացյալ Նահանգներում, ինչպես նաև այն ուղղությունների, որոնք անհրաժեշտ է զարգացնել՝ այս ձեռքբերումները պահպանելու նպատակով:

Նախագահ Օբաման խոսել է նաև ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության ամսին՝ շեշտելով, որ Միացյալ Նահանգները շարունակում է մնալ այն երկիրը, որի հետ կապում են իրենց հույսերն աշխարհի բազմաթիվ բնակիչներ:

Անդրադառնալով իր վարչակազմի նվաճումներին՝ նախագահ Օբաման հիշեցրել է, որ Միացյալ Նահանգներում գրանցվել է հինգ տարվա մեջ գործազրկության ամենացածր ցուցանիշը, վերականգնվել և աճում է անշարժ գույքի շուկան, իսկ արտադրության ոլորտում առաջին անգամ 1990-ական թվականներից աճ է գրանցվել:

«Երկրի ներսում արտադրվում է ավելի շատ նավթ, քան մենք գնում ենք աշխարհի մնացած մասերից, և դա տեղի է ունենում առաջին անգամ գրեթե քսան տարվա ընթացքում: Մեր բյուջեի պակասորդը նվազել է գրեթե կիսով չափ: Եվ տասը տարվա ընթացքում առաջին անգամ գործարար աշխարհի առաջնորդները հռչակել են, որ աշխարհում Չինաստանն այլևս ներդրումներ կատարելու համար թիվ մեկ երկիրը չէ. այդ երկիրը Միացյալ Նահանգներն է», - հիշեցրել է նախագահ Օբաման՝ հավելելով, որ այդ իսկ պատճառով ինքը հավատացած է, որ այս տարին կարող է շրջադարձային տարի դառնալ Միացյալ Նահանգների համար:

«Նպատակաուղղված ջանքերի գործադրման հինգ տարվա արդյունքում Միացյալ Նահանգները շատ ավելի լավ է պատրաստ 21-րդ դարին, քան աշխարհի ցանկացած որևէ այլ երկիր», - մատնանշել է ԱՄՆ-ի նախագահը՝ հիշեցնելով ԱՄՆ-ի օրենսդիրներին, որ այս տարի ցանկացած որոշում կայացնելիս ինքներն իրենց պետք է հարց տան այն մասին, թե արդյոք նման որոշումները կնպաստեն, թե՝ կխոչընդոտեն այս գործընթացը:

«Արդեն մի քանի տարի այս քաղաքը [ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնը] զբաղված է դաշնային կառավարության պատշաճ չափի շուրջ թշնամանքի հասնող բանավեճով: Այս բանավեճը կարևոր է. այն իր արմատներով տանում է մեր երկրի հիմնադրման ժամանակը: Սակայն երբ այս բանավեճը խոչընդոտ է դառնում մեր կողմից ժողովրդավարական նույնիսկ ամենահասարակ գործառույթներն իրականացնելու համար, երբ մեր միջև առկա տարաձայնությունների պատճառով դադարեցվում է կառավարության աշխատանքը կամ վտանգվում Միացյալ Նահանգների նկատմամբ լիարժեք վստահությունն ու հարգանքը, ապա դա նշանակում է, որ մենք ճիշտ չենք վարվում Ամերիկայի ժողովրդի նկատմամբ», - ասել է նախագահ Օբաման՝ որպես ԱՄՆ-ի նախագահ պարտավորություն ստանձնելով «բարելավելու Վաշինգտոնի աշխատանքը և վերականգնելու այն մարդկանց վստահությունը, որոնք մեզ գործուղել են այստեղ»:

«Դեմոկրատների և հանրապետականների աշխատանքի շնորհիվ այս Կոնգրեսն անցյալ շաբաթ վերջապես մշակել է այնպիսի բյուջե, որտեղ չեղյալ են հայտարարվել վերջին տարիներին կրթության նման առաջնահերթ ոլորտներում կատարված խորը կրճատումները: Ոչ ոք չի ստացել այն ամենն, ինչ ցանկանում էր, և մենք դեռևս կարող ենք անել առավելագույնը՝ ներդրում կատարելու համար այս երկրի ապագայի մեջ և միաժամանակ իրականացնելու բյուջեի հավասարակշռված կրճատումներ: Բյուջեի փոխզիջումը սակայն պետք է մեզ ազատություն տա կենտրոնանալու նոր աշխատատեղերի, այլ ոչ թե նոր ճգնաժամերի ստեղծման վրա», - կոչ է արել ԱՄՆ-ի նախագահը:

«Վաշինգտոնից դուրս ապրում են հազարավոր ամերիկացիներ, որոնք արդեն հոգնել են փակուղի մտած քաղաքական բանավեճերից, և որոնք առաջ են մղում այս երկիրը: Նրանք հավատացած են, և ես նույնպես հավատացած եմ, որ այստեղ՝ Ամերիկայում, մեր հաջողության հիմքում պետք է ընկած լինի ոչ թե ծնվելու պատահականությունը, այլ մեր աշխատանքային էթիկայի հզորությունը և մեր երազանքների շրջանակը: Սա այն է, ինչ այստեղ է բերել մեր պապերին: Դրա շնորհիվ է գործարանի աշխատողի դուստրը դարձել Ամերիկայի ամենախոշոր ավտոարտադրողի գործադիր տնօրենը, պանդոկապանի որդին՝ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակը, իսկ միայնակ մոր որդին՝ աշխարհի լավագույն պետության նախագահը», - հիշեցրել է Օբաման՝ միաժամանակ նշելով, որ հնարավորությունները ստեղծում են իրենք՝ մարդիկ, և իր սերնդի համար ամենակարևոր նախագիծը Միացյալ Նահանգների կողմից տրամադրվող խոստումը վերականգնելն է:

«Մենք գիտենք, թե որտեղից է պետք սկսել. հնարավորության ամենալավ չափանիշը լավ աշխատանքի հասանելիությունն է: Տնտեսական զարգացումը թափ է հավաքում, և ընկերությունները տեղեկացնում են, որ այս տարի նախատեսում են ավելի մեծ թվով աշխատողների ընդունել: Եվ խոշոր արտադրողների կեսից ավելին տեղեկացրել են արտասահմանից աշխատատեղերը հետ բերելու հնարավորությունը քննարկելու մասին», - հայտարարել է ԱՄՆ-ի նախագահը, որը մատնանշել է նաև, որ Միացյալ Նահանգներում աշխատատեղերի հիմնական մասը ստեղծում են ձեռներեցներն ու փորք ձեռնարկությունները:

«Վերջին հինգ տարվա ընթացքում իմ վարչակազմը փոքր ձեռնարկություններին տրամադրել է ավելի շատ վարկեր, քան որևէ այլ վարչակազմ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր արտահանողների իննսունութ տոկոսը փորք ձեռնարկություններ են, Եվրոպայի և Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հետ նոր գործընկերությունները կօգնեն փոքր ձեռնարկություններին նոր աշխատատեղեր ստեղծելու հարցում: Մենք պետք է աշխատենք համատեղ՝ պաշտպանելու համար մեր աշխատողներին, մեր շրջակա միջավայրը և բացելու համար նոր շուկաներ «Արտադրված է ԱՄՆ-ում» պիտակը կրող ապրանքներ համար», - հորդորել է ԱՄՆ-ի նախագահը՝ նշելով, որ «Չինաստանն ու Եվրոպան տեղում չեն դոփում, և մենք նույնպես չպետք է տեղում մնանք»:

Ամենամյա ուղերձում նախագահ Օբաման նշել է, որ Միացյալ Նահանգներ աշխատատեղեր վերադարձնելու ամենամեծ գործոններից է երկրի ներսում էներգիա արտադրելու հանձնառությունն է, և շնորհիվ մի քանի տարի առաջ իր կողմից հայտարարված էներգետիկ ռազմավարության, Միացյալ Նահանգներն այժմ ավելի մոտ, քան երբևէ, կանգնած է էներգետիկ անկախություն ձեռքբերելու հնարավորությանը:

Խոսելով տնտեսական զարգացման մասին՝ ԱՄՆ-ի նախագահը նշել է նաև, որ եկել է երկրի ներգաղթային համակարգը կարգի բերելու ժամանակը:

«Անկախ տնտեսագետների հաշվարկներով՝ ներգաղթային ոլորտի բարեփոխումները կխթանեն տնտեսական աճն ու գալիք երկու տասնամյակի ընթացքում գրեթե մեկ տրիլիոն դոլարով կնվազեցնեն բյուջեի պակասորդը: Եվ դա զարմանալի չէ. երբ մարդիկ գալիս են այստեղ իրենց երազանքները կյանքի կոչելու՝ սովորելու, գյուտարարությամբ զբաղվելու և մեր մշակույթի մեջ ներդրում կատարելու համար, նրանք ավելի գրավիչ են դարձնում մեր երկիրը, և առևտրային կազմակերպություններն այստեղ են ցանկանում ստեղծել աշխատատեղեր բոլորի համար: Եկեք այս տարի ի կատար ածենք ներգաղթային բարեփոխումները», - կոչ է արել Միացյալ Նահանգների նախագահը:

Ամենամյա ուղերձում նախագահ Օբաման անդրադարձել է նաև կրթական ոլորտի և գիտական հետազոտությունների զարգացմանը և խոսել է առողջապահական ապահովագրության համակարգի բարեփոխումների մասին:

Սակայն ԱՄՆ-ի ներքաղաքական և տնտեսական խնդիրների հետ մեկտեղ նախագահ Օբաման անդրադարձել է նաև արտաքին քաղաքականության մարտահրավերներին, այդ թվում՝ Աֆղանստանից զորքերի դուրսբերմանը և Սիրիայում շարունակվող ճգնաժամին:

Բարաք Օբաման իր ուղերձում նշված խնդիրների թվում անդրադարձ է կատարել նաև «ալ-Քաիդա»-ի և ահաբեկչական այլ կազմակերպությունների կողմից ներկայացվող վտանգներին՝ շեշտելով, որ ինքն այլևս չի նախատեսում ուղարկել Միացյալ Նահանգների զինծառայողներին՝ մասնակցելու համար ավարտ չունեցող հակամարտություններին:

«Անհրաժեշտության դեպքում մենք պետք է պատերազմենք, սակայն պետք է մասնակցենք անհրաժեշտ մարտերի, այլ ոչ թե այն մարտերի, որոնց մեջ ահաբեկիչները ցանկանում են ներգրավել մեզ ՝ հակամարտությունների, որոնց ընթացքում իրականացվում է զորքերի լայնամասշտաբ կիրառում, ինչը թուլացնում է մեզ և վերջ ի վերջո սկսում է սնուցել ծայրահեղականությունը», - նշել է ԱՄՆ-ի նախագահը:

«Բոլոր հարցերով աշխարհը դիմում է մեզ՝ ոչ թե միայն մեր տնտեսության կամ ռազմական հզորության պատճառով, այլ այն գաղափարների պատճառով, որոնք մենք սատարում ենք, ինչպես նաև այն պատասխանատվության համար, որը մենք վերցնում ենք մեր վրա՝ այս գաղափարներն առաջ մղելիս», - ասել է նախագահ Օբաման:

«Մեր ազատությունը, մեր ժողովրդավարությունը երբեք հեշտ չեն տրվել: Երբեմն մենք սխալներ ենք կատարել, հիասթափվել ենք կամ հուսալքվել: Սակայն ավելի քան երկու հարյուր տարի մենք կողքի ենք դնում այս զգացումները և համատեղ ջանքերով առաջ ենք մղում առաջընթացի անիվը՝ ստեղծելու, կառուցելու և ընդլայնելու համար անհատական նվաճումների հնարավորությունները, ազատելու համար այլ պետությունները բռնակալությունից և վախից, առաջ քաշելու համար արդարադատությունը, արդարությունը և օրենքի առջև հավասարությունը, որպեսզի մեր պետության հիմնադիրների կողմից թղթի հանձնված բառերը իրականություն դառնան մեր յուրաքանչյուր քաղաքացու համար: Այն Ամերիկան, որը մենք ցանկանում ենք ստեղծել մեր երեխաների համար՝ ոտքի կանգնող Ամերիկան, որտեղ առկա են ազնիվ աշխատանքի բազմաթիվ հնարավորություններ և հզոր համայնքներ, որտեղ համատեղ բարգավաճումը և բոլորի համար ստեղծվող հնարավորությունները կարող են մեզ տանել այնքան առաջ, որքան տանում են մեր երազանքները և քրտնաջան աշխատանքը: Այս ամենին հասնելը հեշտ չէ: Սակայն եթե աշխատենք միասին, եթե ի մի բերենք մեր մեջ առկա լավագույնը, մեր ոտքերն ամուր դրած լինելով ներկայում, իսկ աչքերը՝ սևեռած դեպի վաղվա օրը, վստահ եմ, որ կկարողանանք հասնել դրան: Հավատացած եղեք: Աստված օրհնի ձեզ, և Աստված օրհնի Ամերիկայի Միացյալ Նահանգները», - ասել է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման՝ եզրափակելով իր ամենամյա ուղերձը: