Հզոր երկրաշարժ՝ Իրանի ատոմակայանի մոտակայքում

6,3 բալ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել Բուշեր նավահանգստային քաղաքից 89 կիլոմետր հեռավորության վրա
Իրանի միակ ատոմակայանի մոտակայքում երեքշաբթի օրը տեղի է ունեցել հզոր երկրաշարժ, որը դարձել է առնվազն երեք զոհի պատճառը:

6,3 բալ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել Բուշեր նավահանգստային քաղաքից 89 կիլոմետր հեռավորության վրա Գրինվիչի ժամանակով կեսօրին մոտ:

Երկրաշարժի էպիկենտրոնը, ըստ ԱՄՆ-ի երկրաբանական հաղորդագրության, գտնվել է Երկրի մակերևույթից 10 կիլոմետր խորության վրա:

Ատոմակակայնը կառուցած ռուսական «Ատոմստրոյէքսպորտ» ընկերությունում հայտնել են, որ ատոմակայանում երկրաշարժի հետևանքով առաջացած ցնցումները զգացվել են, սակայն ատոմակայանի գործունեությունը չի դադարեցվել:

«Երկրաշարժը որևէ ազդեցություն չի գործել ռեակտորի սովորական աշխատանքի վրա: Անձնակազմը շարունակում է աշխատանքը բնականոն ռեժիմով, և ճառագայթման մակարդակը չի անցել նորմայից», - հայտնել են «Ատոմստրոյէքսպորտ»-ից:

Իրանն ատոմակայան շահագործող միակ պետությունն է, որը չի միացել «Միջուկային անվտանգության մասին» կոնվենցիայի: Կոնվենցիան ընդունվել էր 1986 թվականին Չերնոբիլում տեղի ունեցած միջուկային աղետից հետո, որի հետևանքով աղտոտվել էին մեծ տարածքներ և որը ստիպել էր Ուկրաինայի մոտ 160 հազար բնակչի լքել իրենց տները: