Հռոմի Պապն այցելել է իր հայրենիք

Հռոմի Պապն այցելել է իր հայրենիք

Հռոմի Բենեդիկտոս XVI Պապն ուրբաթ օրը, իր հայրենիք կատարվող իր այցի շրջանակներում, Բեռլինում հանդիպել է Գերմանիայի մահմեդական համայնքի մի քանի առաջնորդի հետ:

Գերմանիա կատարվող իր այցի երկրորդ օրվա ընթացքում պոնտիֆիկոսը հանդես է եկել հայտարարությամբ՝ հորդորելով քրիստոնյաներին և մահմեդականներին ապրել համատեղ՝ երկխոսության և փոխադարձ հարգանքի պայմաններում:

Հռոմի Բենեդիկտոս XVI Պապը շեշտել է ժամանակակից հասարակությունում կրոնի կարևորությունը և համոզմունք է հայտնել, որ քրիստոնյաներն ու մահմեդականները կարող են բեղմնավոր համագործակցություն հաստատել միմյանց հետ:

Բեռլինի պատմական «Օլիմպիական» մարզադաշտում Պապը հինգշաբթի օրը բացօթյա պատարագ է մատուցել, որին մասնակցել է մոտ 70 հազար կաթոլիկ:

Իր հայրենիք կատարվող այցի սկզբին Հռոմի Բենեդիկտոս XVI Պապը հանդես է եկել Գերմանիայի խորհրդարանում, որի ընթացքում հորդորել է քաղաքական գործիչներին չզիջել բարոյական նորմերը հանուն քաղաքական շահի՝ որպես պատմությունից դաս մեջբերելով Գերմանիայում ֆաշիստների կողմից կատարված վայրագությունները: