Օբաման, Հիլարի Քլիթընը գլխավորել են ԱՄՆ-ում ամենամեծ հիացմունքի արժանի անձանց ցուցակը

Նախագահ Օբաման արդեն վեցերորդ տարին շարունակ գլխավորում է ամենամեծ հիացմունքի արժանի տղամարդկանց ցուցակը, ինչը, ըստ «Գելափի», սովորական երևույթ է գործող նախագահի համար
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման և երկրի նախկին արտգործնախարար Հիլարի Քլինթընը «Գելափ» հետազոտական կազմակերպության կողմից անցկացված հարցման համաձայն ամերիկացիների կողմից անվանվել են 2013 թվականի ընթացքում ամենամեծ հիացմունքի արժանի անձինք:

Նախագահ Օբաման արդեն վեցերորդ տարին շարունակ գլխավորում է ամենամեծ հիացմունքի արժանի տղամարդկանց ցուցակը, ինչը, ըստ «Գելափի», սովորական երևույթ է գործող նախագահի համար:

Այնուամենայնիվ, այս տարի հարցման մասնակիցների ընդամենը 16 տոկոսն է անվանել Բարաք Օբամային որպես ամենամեծ հիացմունքի արժանի մարդ, մինչդեռ 2012 թվականի այս ցուցանիշը կազմել էր 30 տոկոս:

Հիլարի Քինթընն ամենամեծ հիացմունքի արժանի կին է անվանվել արդեն 12 տարի անընդմեջ, իսկ ընդհանուր առմամբ՝ 18 տարի:

Երկրի նախկին արտգործնախարար, նախկին առաջին տիկին և սենատոր Քլինթընին որպես «ամենամեծ հիացմունքի արժանի կին» է ճանաչել հարցմանը մասնակցած ամերիկացիների տասնհինգ տոկոսը, մինչդեռ անցյալ տարի այս ցուցանիշը կազմել էր 21 տոկոս:

Ամերիկացիները որպես ամենամեծ հիացմունքի արժանի տղամարդ են անվանել նաև ԱՄՆ-ի նախկին նախագահներ Ջորջ Բուշ-կրտսերին, Բիլ Քլինթընին և Ջիմի Քարթերին, Հռոմի Ֆրանցիսկոս պապին և պատվելի Բիլլի Գրեհեմին, դերասան և ռեժիսոր Քլինթ Իսթվուդին, «Մայքրոսոֆթ» կորպորացիայի համահիմնադիր և բարեգործ Բիլ Քլինթընին, ԱՄՆ-ի Տեխաս նահանգի սենատոր Թեդ Կրուզին և ԱՄՆ-ի նախագահի նախկին թեկնածու հանրապետականներ Միթ Ռոմնիին և Ռոն Փոլին:

Որպես ամենամեծ հիացմունքի արժանի կին անվանվել են հեռուստաաստղ Օփրա Ուինֆրին, առաջին տիկին Միշել Օբաման, Ալյասկայի նախկին նահանգապետ Սարա Փեյլինը, ԱՄՆ-ի նախկին արտգործնախարար Քոնդոլիզա Ռայսն ու դերասանուհի Անջելինա Ջոլին:

Ամենամեծ հիացմունքի արժանացած անձանց որոշելու նպատակով «Գելափ» հետազոտական կազմակերպության կողմից անցկացված հարցմանը մասնակցել է 1031 մարդ, հարցումն անցկացվել էր այս տարվա դեկտեմբերի 5-ից 8-ն ընկած ժամանակահատվածում: