Քուրդ ապստամբները երկուշաբթի օրը դադարեցրել են միակողմանի զինադադարը՝ հայտարարելով, որ Թուրքիայի կառավարությունը բավարար ջանքեր չի գործադրել ազգությամբ քուրդ բնակչությանը մտահոգող խնդիրները լուծելու և հակամարտությանը վերջ տալու ուղղությամբ։
Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) կողմից երկուշաբթի օրը տարածված հաղորդագրության համաձայն, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությունը չի անցկացրել քրդերի զանգվածային գերեզմանոցների հարցով հետաքննություն և չի բարելավել ՔԱԿ-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի բանտարկության պայմանները։
Խմբավորումը հայտնել է նաև, որ, չնայած այն դադարեցրել է զինադադարը, սակայն առաջինը հարձակում չի կատարելու, այլ ձեռնարկելու է պաշտպանական ակտիվ գործողություններ։
ՔԱԿ-ը որպես ահաբեկչական կազմակերպություն է ճանաչված Թուրքիայի, Միացյալ Նահանգների և Եվրամիության կողմից։