Պենտագոնը հրաժարվել է Ռուսաստանի արտադրության ուղղաթիռների գնումը շարունակելուց

«Մի-17» մակնիշի ուղղաթիռներ (արխիվային լուսանկար)

Որոշում է կայացվել էր 345 միլիոն դոլար արժողությամբ «Մի-17» մակնիշի լրացուցիչ 15 ուղղաթիռներ գնելու գործարքից հրաժարվելու մասին
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը հրաժարվել է շարունակել Աֆղանստանի օդուժի համար Ռուսաստանի արտադրության ուղղաթիռների գնումը: Ուղղաթիռների վաճառքն ամերիկյան կողմին իրականացնում էր Ռուսաստանի պետական «Ռոսօբորոնէքսպորտ» կազմակերպությունը, որը զենք է մատակարարում նաև Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ուժերին:

Այս մասին հաղորդել են ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության աղբյուրներն ու ԱՄՆ-ի Սենատում գործարքի հիմնական ընդդիմախոսներից մեկը, որոնց համաձայն որոշում է կայացվել էր 345 միլիոն դոլար արժողությամբ «Մի-17» մակնիշի լրացուցիչ 15 ուղղաթիռներ գնելու գործարքից հրաժարվելու մասին:

«Ողջունում եմ «Ռոսօբորոնէքսպորտ»-ից նոր ուղղաթիռներ գնելու ծրագրերից հրաժարվելու մասին պաշտպանության նախարարության կողմից վերջիվերջո ընդունված որոշումը: Այս ուղղաթիռներն առաքողի հետ գործարք կնքելը բարոյական տեսակետից ոչ պատշաճ քաղաքականություն էր և, որպես երկիր, մենք այլևս չպետք է ֆինանսավորենք Ասադի ռազմական հանցագործությունները», - նշել է Տեխաս նահանգից ԱՄՆ-ի հանրապետական սենատոր Ջոն Քորնին:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Մորին Շումանի համաձայն, Պենտագոնը 2014 ֆինանսական տարվա ընթացքում Աֆղանստանի անվտանգության ազգային ուժերի ամրապնդմանն ուղղված օժանդակության վերաբերյալ ԱՄՆ-ի Կոնգրեսին նախնական պահանջ ներկայացնելուց հետո իրականացրել է պահանջների վերագնահատում ՝ Կոնգրեսի հետ խորհրդակցությունների արդյունքում:

«Ներկայում մենք չեն նախատեսում «Ռոսօբորոնէքսպորտ»-ից գնել Աֆղանստանի համար նախատեսված «Մի-17» մակնիշի նոր ուղղաթիռներ՝ ի լրումն այն միջոցների, որոնք արդեն իսկ ներառվել են բյուջեում», - ասել է Պենտագոնի ներկայացուցիչ Շումանը:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության ներկայացուցիչներն այս տարվա օգոստոսին տեղեկացրել էին Միացյալ Նահանգների օրենսդիրներին այն մասին, որ Պենտագոնը ծրագրում էր գնել «Մի-17» մակնիշի 63 ուղղաթիռ՝ ընդհանուր առմամբ ծախսելով 1,1 միլիարդ դոլար: Դեռևս սակայն պարզ չէ, թե ուղղաթիռների որ մասի առաքումն արդեն իսկ իրականացվել է: