Կարաչիի օդանավակայանն ազատված է, զինյալները՝ ոչնչացված

Պակիստանում միջազգային օդանավակայանի ուղղությամբ զինյալների կողմից իրականացված հարձակման հետևանքով զոհվել է 28 մարդ
Պակիստանի Կարաչի քաղաքի միջազգային օդանավակայանի ուղղությամբ մի խումբ զինյալների հարձակում են իրականացրել, որի հետևանքով զոհվել է 28 մարդ:

Պակիստանի իշխանությունների համաձայն, օդանավակայանի ուղղությամբ հարձակում գործած բոլոր տասը զինյալները ոչնչացվել են ոստիկանության ծառայողների կողմից կամ ինքնասպանություն գործել: Հարձակման ընթացքում զոհեր են եղել Պակիստանի անվտանգության ուժերի և օդանավակայանի անձնակազմի շրջանում, սակայն օդանավակայանում գտնվող ուղևորները չեն տուժել:

«Օդանավերին ու օդանավակայանին վնաս չի հասցվել: Պայթյուն է տեղի ունեցել բեռնային տերմինալում, որտեղ և ոչնչացվել են ահաբեկիչները», - տեղեկացրել է Պակիստանի բանակի գեներալ-մայոր Ռիզվան Ախթարը, որի համաձայն ահաբեկիչների ոչնչացմանն ուղղված գործողություններն ավարտի են հասցվել երկուշաբթի վաղ առավոտյան:

Կարաչիի միջազգային օդանավակայանի ուղղությամբ իրականացված հարձակումը դատապարտել է Պակիստանի վարչապետ Նավաս Շարիֆը:

Օդանավակայանի ուղղությամբ հարձակման համար պատասխանատվություն են ստանձնել Պակիստանում գործող թալիբները: