Բազմաթիվ զոհեր Պակիստանում՝ ռումբի պայթյունի արդյունքում

Աֆղանստանի հետ Պակիստանի սահմանամերձ շրջանում որոտացած պայթյունի արդյունքում զոհվել է առնվազն 25 մարդ:

Ցեղախմբերի կողմից վերահսկվող Խիբեր շրջանում երեքշաբթի օրը որոտացած պայթյունի պատճառով, որն իրականացվել է կառավարական զինված ստորաբաժանումների ավտոմեքենաների հավաքակայանում, վնասվածքներ է ստացել 26 մարդ:

Պակիստանի իշխանությունների համաձայն, ռումբի պայթյունն իրականացվել է հեռակառավարվող սարքի միջոցով:

Պայթյունի համար պատասխանատվություն դեռևս չի ստանձնել որևէ խմբավորում, սակայն իրականացված հարձակումը նման է երկրի այս տարածաշրջանում գործող զինյալների կողմից իրականացված այլ հարձակումներին:

Մահմեդական զինյալները, որոնց որոշ մասը կապեր է պահպանում «ալ-Քայիդա»-ի հետ, 2007 թվականից հարյուրավոր ռմբակոծություններ է իրականացրել այս տարածաշրջանում, որոնց զոհ են գնացել հազարավոր մարդիկ: Նման ծավալի հարձակում սակայն չի իրականացվել անցյալ տարվա սեպտեմբերից, երբ ինքնասպան ահաբեկչի կողմից իրականացված պայթյունի պատճառով զոհվել է թալիբների դեմ հանդես եկող ցեղախմբերից մեկի առաջնորդի հուղարկավորության արարողության 31 մասնակից: