ՆԱՏՕ-ն հույս ունի վերաբացել Պակիստանի տարածքով անցնող մատակարարման ուղիները

Պակիստանի տարածքով անցնող մատակարարման ուղի (արխիվային լուսանկար)

ՆԱՏՕ-ն հույս է հայտնել, որ Պակիստանի հետ խաթարված հնարավորությունները հնարավոր կլինի արագ բարելավել՝ Աֆղանստանում մարտական գործողություններ վարող ստորաբաժանումների մատակարարման ուղիները վերաբացելու նպատակով:

Դաշինքի խոսնակը երկուշաբթի օրը հայտնել է, որ մատակարարման ուղիների փակումը բացասական ազդեցություն է ունեցել ինչպես Պակիստանի, այնպես էլ Աֆղանստանի տնտեսությունների վրա:

Պակիստանի իշխանություններն անցյալ տարվա նոյեմբերին դադարեցրել են դեպի Աֆղանստան տանող մատակարարման ուղիների գործողությունը՝ ի պատասխան ՆԱՏՕ-ի օդուժի հարվածի պատճառով Աֆղանստանի հետ սահմանամերձ շրջանում Պակիստանի 24 զինծառայողի մահվան, և չի ընդունել ՆԱՏՕ-ի կողմից իրականացված հետաքննության արդյունքները, որոնց համաձայն այս պատահարը տեղի է ունեցել երկու կողմերի թույլ տված սխալների արդյունքում:

ՆԱՏՕ-ի խոսնակն այնուամենայնիվ նշել է, որ դաշինքի կողմից Աֆղանստանում ունեցած պաշարների ծավալը թույլ կտա շարունակել ռազմական գործողությունները ներկայիս մակարդակի վրա, նույնիսկ եթե Պակիստանի տարածքով անցնող ճանապարհները չվերաբացվեն: