Հայաստանի արտգործնախարար հանդիպել է Մինսկի խմբի ԱՄՆ-ի նորանշանակ համանախագահին

Armenan FM Nalbandian Meets with OSCE US Co-Chair James Warlick

Ջեյմս Ուորլիքը հավաստիացրեց, որ ԱՄՆ-ն շարունակելու է անել հնարավորը՝ ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման նպատակով
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 10-ին ընդունել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ դեսպան Ջեյմս Ուորլիքին:

«Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը շնորհավորեց դեսպան Ուորլիքին նշանակման կապակցությամբ՝ ընդգծելով, որ Հայաստանը բարձր է գնահատում Միացյալ Նահանգների և մյուս համանախագահների՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի, համատեղ, հետևողական միջնորդական ջանքերը՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը։ Նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ դեսպան Ուորլիքի դիվանագիտական մեծ փորձը և մասնագիտական պատրաստվածությունը կծառայեն այդ նպատակին», - ասված է Հայաստանի արտգործնախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ։

Ջեյմս Ուորլիքը հավաստիացրեց, որ ԱՄՆ-ն շարունակելու է անել հնարավորը՝ ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման նպատակով։

Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանը՝ համանախագահ երկրների հետ, միասնական և վճռական է հասնելու հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը` Մինսկի խմբի համանախագահների կողմից ներկայացված մեկ ամբողջություն կազմող սկզբունքների և տարրերի հիման վրա։

«Նախարար Նալբանդյանը և դեսպան Ուորլիքը հանգամանորեն անդրադարձան բանակցային գործընթացին առնչվող հարցերին», - եզրափակում է Հայաստանի արտգործնախարարության հաղորդագրությունը։