Օլիմպիական խաղերի կազմակերպիչները ներողություն են խնդրել

Լոնդոնում Օլիմպիական խաղերի կազմակերպիչները ներողություն են խնդրել կանանց ֆուտբոլի Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչներից՝ խաղից առաջ Հարավային Կորեայի դրոշը սխալմամբ ցուցադրելու պատճառով:

Այս սխալը նկատելուն պես Հյուսիսային Կորեայի թիմը հրաժարվել էր դուրս գալ խաղադաշտ՝ ավել քան մեկ ժամով հետաձգելով հանդիպումը Կոլումբիայի հավաքականի հետ:

Սխալն ուղղելուց հետո Հյուսիսային Կորեայի թիմը դուրս է եկել խաղադաշտ և 2-0 հաշվով հաղթանակ տարել Կոլումբիայի թիմի նկատմամբ:

Օլիմպիական խաղերի կազմակերպիչներն ասել են, որ նման սխալները ապագայում բացառելու համար միջոցներ են ձեռնարկվել:

Խաղերի բացման արարողության նախօրեին Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն իր ամենամեծ մտահոգությունն է առաջացնում խաղերի «ապահով և անվտանգ» անցկացումը:

Այս ընթացքում Ատլետիկայի ֆեդերացիների միջազգային ասոցիացիան, Օլիմպիական խաղերին ընդառաջ ձեռնարկելով արգելված նյութերի օգտագործման դեմ ուղղված միջոցներ, դոպինգի ընդունման խախտումների պատճառով խաղերին մասնակցելու իրավունքից զրկել է ինը մարզիկի:

Լոնդոնում Օլիմպիական խաղերին մասնակցելու է ավելի քան 10 հազար մարզիկ, որոնք մրցելու են 26 մարզաձևերում: Խաղերը կտևեն մինչև օգոստոսի 12-ը: