Օբաման զգուշացրել է Սիրիայի կառավարությանը քիմիական զենքի կիրառման անթույլատրելիության մասին

«Սիրիայի կառավարության կողմից քիմիական զենքի որևէ տեղաշարժ կամ օգտագործում կարող է փոխել իմ հաշվարկները»
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հանդես է եկել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին հրաժարական ներկայացնելու ևս մեկ կոչով՝ նշելով նաև, որ այս երկրի կառավարության կողմից քիմիական զենքի որևէ տեղափոխություն կամ օգտագործում կարող են փոխել Սիրիայի նկատմամբ Միացյալ Նահանգների ունեցած դիրքորոշումը:

«Միջազգային հանրությունը հստակ ուղերձ է հղել [Սիրիայի նախագահին] այն մասին, որ երկրում քաղաքացիական պատերազմ ծավալելու փոխարեն նա պետք է քաղաքական փոփոխություններ իրականացնի»,- ասել է նախագահ Օբաման՝ հավելելով. «Այս պահին սակայն «թեթև վայրէջքի»՝ Ասադի կողմից հրաժարականին հեշտությամբ համաձայնվելու հավանականությունը շատ ցածր է»:

Իր ուղերձում նախագահ Օբաման ասել է, թե Սիրիայում «ռազմական ներգրավման» մասին հրամանագիր չի արձակել: Նախագահը նշել է սակայն, որ Միացյալ Նահանգներն ու իր դաշնակիցները ուշադիր հետևում են իրավիճակի զարգացմանը, ու Սիրիայի կառավարության կողմից քիմիական զենքի որևէ տեղաշարժ կամ օգտագործում կարող է «փոխել հաշվարկները»:

«Մենք մշակել ենք արտակարգ իրավիճակներում գործելու մի շարք ծրագրեր: Բավականին հստակ հայտնել ենք նաև տարածաշրջանում գործող բոլոր կողմերին, որ այս հարցն առաջացնում է մեր լուրջ մտահոգությունը, և քիմիական զենքի տեղափոխումը կամ օգտագործումը շատ լուրջ հետևանքներ կունենա: Նման պարագայում իմ հաշվարկները զգալի փոփոխությունների կենթարկվեն»,- ասել է նախագահ Օբաման: