ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և երկրի պաշտպանության նախարարության ղեկավարությունը ներկայացրել են Միացյալ Նահանգների զինված ուժերի գերազանցությունը պահպանելու ռազմավարությունը, որով նախատեսվում է նվազեցնել զինծառայողների թիվը՝ միաժամանակ զինուժը դարձնելով առավել ճկուն և արդյունավետ:
Նախագահ Օբաման անցյալ տարի կարգադրել էր իրականացնել ռազմավարական ուսումնասիրություն, որը կօգներ երկրի պաշտպանության նախարարությանը բյուջեի միջոցների խնայողության, պետական պարտքի և բյուջեի պակասորդի պայմաններում որոշումներ կայացնելու գործում:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունում ռազմավարությունը ներկայացնելու ընթացքում փաստաթղթի կարևորությունը շեշտելու համար նախագահ Օբաման այն ներկայացրել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լեոն Պանետայի և հրամանատարական անձնակազմի ղեկավար Մարտին Դեմփսիի հետ համատեղ:
Հիշեցնելով, որ ԱՄՆ-ի զինված ուժերն ավարտի են հասցրել մարտական գործողությունները Իրաքում, նախատեսում են նվազեցնել զինծառայողների թիվը Աֆղանստանում, ոչնչացրել են Օսամա բին Լադենին, ինչպես նաև խոսելով Լիբիայում հաջողությամբ ավարտված ՆԱՏՕ-ի առաքելության մասին՝ նախագահն ասել է, որ այս իրադարձություններից հետո Միացյալ Նահանգների զինված ուժերում հրատապ է դարձել փոփոխությունների իրականացման անհրաժեշտությունը:
ԱՄՆ-ի նախագահն ասել է, որ զինված ուժերը կդառնան «արագաշարժ, ճկուն և պատրաստ՝ արձագանքելու բոլոր զարգացումներին և սպառնալիքներին», նախատեսվում է զարգացնել ԱՄՆ-ի ներկայությունն ասիական և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ շեշտելով, որ որևէ կրճատում չի կատարվի կարևորագույն այս տարածաշրջանում ներկայության հաշվին:
Պաշտպանության նախարար Պանետան իր հերթին նշել է, որ նոր ռազմավարությամբ տասը տարվա ընթացքում նախատեսվում է կրճատել պաշտպանական ծախսերը 487 միլիարդ դոլարով, սակայն դա չի նշանակում, որ ֆինանսական պատասխանատվության բարձրացումը կկատարվի ազգային անվտանգության ապահովման հաշվին:
«Ավելի փոքրաթիվ, լավ պատրաստված և սարքավորումներով հագեցված ուժերը կենտրոնանալու են խաղաղօվկիանոսյան և միջինարևելյան տարածաշրջանների վրա: Միացյալ Նահանգների զինված ուժերը պետք է հնարվորություն ունենան միաժամանակ մասնակցելու մի քանի հակամարտության՝ հաղթանակ տանելով ավելի քան մեկ հակառակորդի նկատմամբ», - նշել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Պանետան: