Օբաման սատարել է դիվանագիտական լուծումը, սակայն ուժի կիրառումը դեռևս հնարավոր է

Օբամա. «Սիրիայում քիմիական զենքի կիրառմամբ իրականացված հարձակումն իջեցրել է այս զինատեսակի կիրառման շեմը»
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, երեքշաբթի օրը հանդես գալով Միացյալ Նահանգների ժողովրդին հասցեագրված ուղերձով, ներկայացրել է Սիրիայի նկատմամբ, որի կառավարությունը մեղադրվում է քիմիական զենքի կիրառման մեջ, իր ռազմավարության հիմնադրույթները:

Նախագահ Օբաման ասել է, որ իր ելույթը նպատակ է հետապնդում պարզաբանելու Սիրիայի նկատմամբ իր վարած քաղաքականությունը: Նա հիշեցրել է երկրում չդադարող քաղաքացիական պատերազմի, հարյուր հազարավոր զոհերի և միլիոնավոր փախստականների մասին: Օբաման շեշտել է, որ միշտ կողմ է հանդես եկել խաղաղ բնակչությանն օժանդակելուն, սակայն կտրականապես դեմ էր հանդես գալիս այս հակամարտությանը ռազմական որևէ միջամտության:

«Այս ամբողջ ընթացքում Ամերիկան՝ իր դաշնակիցների հետ միասին աշխատում էր մարդասիրական օգնության տրամադրման, չափավոր ընդդիմությանն օժանդակելու և ճգնաժամի քաղաքական լուծման ուղղությամբ: Ես սակայն դիմադրում էի ռազմական գործողություն իրականացնելու կոչերին, քանի որ մենք չենք կարող ուժի միջոցով դադարեցնել որևէ մեկի քաղաքացիական պատերազմը, նամանավանդ Իրաքում և Աֆղանստանում տասը տարի տևած պատերազմներից հետո», - նշել է ԱՄՆ-ի նախագահը:

Օբամայի համաձայն, ամեն ինչ փոխվել է օգոստոսի 21-ին քիմիական զենքի կիրառմամբ իրականացված հարձակումից հետո:

«Սա մարդկության դեմ ուղղված հանցագործություն է», - շեշտել է ԱՄՆ-ի նախագահը՝ հիշեցնելով միջազգային իրավունքի այն նորմերի և կանոնների մասին, որոնք արգելում են զանգվածային ոչնչացման զենքի կիրառումը:

Օբաման իր ուղերձի ընթացքում մանրամասն նկարագրել է, թե ինչպես էր իրականացվել Դամասկոսի մոտակայքում տեղի ունեցած քիմիական զենքի կիրառմամբ հարձակումը, և ինչպես էր Բաշար ալ-Ասադի վարչակարգը նախապատրաստվում այս հարձակման իրականացման: Բարաք Օբաման համոզվածություն է հայտնել, որ այս հարձակման համար պատասխանատվություն է կրում հենց Ասադի վարչակարգը:

Նախագահ Օբաման պարզաբանել է նաև, թե ինչպես Սիրիայում քիմիական զենքի կիրառմամբ իրականացված հարձակումն իջեցրել է քիմիական զենքի կիրառման շեմը:

«Այն ընթացքում, երբ քիմիական զենքի կիրառման արգելքը թուլանում է, այլ բռնապետեր այլևս չեն երկմտելու՝ թունավոր գազ գնելուց և այն գործի դնելուց առաջ: Ժամանակի ընթացքում մեր զորքերը կրկին կարող են դեմ առ դեմ կանգնել մարտի դաշտում քիմիական զենքի կիրառման հեռանկարի հետ: Եվ ահաբեկչական կազմակերպությունների համար նույնպես ավելի դյուրին կդառնա այս զինատեսակ գնելն ու խաղաղ բնակչության դեմ կիրառելը: Այս զենքը կարող է սպառնալ մեր կողմնակիցներին՝ Թուրքիային, Իսրայելին, Հորդանանին: Քիմիական զենքի կիրառման դեմն առնելու անկարողությունը կթուլացնի զանգվածային ոչնչացման այլ զինատեսակների նկատմամբ կիրառվող արգելքը և կխրախուսի Ասադի կողմնակից Իրանին, որը պետք է որոշում կայացնի այն մասին, թե արդյոք նա կարող է անտեսել միջազգային հանրությունը՝ միջուկային զենքի ստեղծման միջոցով, թե ընտրել առավել խաղաղ ճանապարհ», - ասել է ԱՄՆ-ի նախագահը:

Օբաման նշել է, որ որպես ԱՄՆ-ի զինված ուժերի գլխավոր հրամանատար ինքն իրավունք չունի այս գործողություններին որևէ կերպ չարձագանքելու:

ԱՄՆ-ի նախագահն ասել է, թե գիտի, որ Աֆղանստանում և Իրաքում բազմամյա պատերազմներից հետո ամերիկացիները ռազմական ուժի կիրառման դեմ են հանդես գալիս, և հիշեցրել, որ իշխանության գլուխ գալու իր նպատակը ռազմական նոր հակամարտություններ սկսելը չէ, և կրկին նշել, որ Սիրիայի դեպքում խոսքը գնում է այս երկրի դեմ գործողություններում ԱՄՆ-ի չափազանց սահմանափակ մասնակցության մասին՝ առանց ցամաքային զորքերի կիրառման:

Իր ելույթում ԱՄՆ-ի նախագահն անդրադարձել է Սիրիայում առկա քիմիական զենքը միջազգային հանրության վերահսկողության տակ դնելու մասին Ռուսաստանի առաջարկությանը: Նա կողմ է արտահայտվել այս առաջարկությանը, քանի որ այն հնարավորություն կտա խուսափելու ռազմական գործողություններից:

Նախագահ Օբաման խոսել է նաև բոլոր այն գործողությունների մասին, որոնք ինքը ձեռնարկել է այս կապակցությամբ՝ միաժամանակ շեշտելով, որ նախատեսում է շարունակել տեղի ունեցածի համար Բաշար ալ-Ասադի վարչակարգը պատասխանատվության ենթարկելուն ուղղված գործողությունները: