Օբաման և Ռոմինին շարունակում են ընտրապայքարը

Ռոմնին պատրաստվում է քաղել բանավեճի ընթացքում ունեցած հաջող ելույթի արդյունքները
Նախագահական հանրապետական թեկնածու Միթ Ռոմին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ անցկացված հեռուստաբանավեճից հետո պատրաստվում է քաղել բանավեճի ընթացքում ունեցած հաջող ելույթի արդյունքները՝ ուրբաթ օրը շարունակելով ընտրապայքարն ընտրությունների համար կարևոր նշանակություն ունեցող Վիջինիա և Ֆլորիդա նահանգներում:

Միթ Ռոմնին կողմնակիցների հետ հինգշաբթի օրն ունեցած հանդիպումների ժամանակ ասել է, թե նախագահ Բարաք Օբամային այլևս չի կարելի վստահել Միացյալ Նահանգների մեծ դժվարություններ ապրող տնտեսությունը:

«Ինչու՞ միջին դասն այս երկրում պետք է դեռևս մնա «թաղված» վիճակում: Ինչու՞ է գործազուրկ դեռևս մնում 23 միլիոն մարդ: Ինչու՞ քոլեջ ավարտող երեխաների կեսը չի կարող լավ աշխատանք գտնել: Ինչու՞ վեց քաղաքացիներից մեկն ապրում աղքատության մեջ: Ինչու՞ [Օբամայի կողմից] նախագահի պաշտոնը ստանձնելու ժամանակ սննդի կտրոններ ստանում էր 32 միլիոն մարդ, իսկ այժմ այդ կտրոնները ստացողների թիվը հասել է 47 միլիոնի», - ասել է Ռոմնին՝ հանդես գալով իր կողմնակիցների առջև:

Նույն օրն ավելի ուշ Միթ Ռոմնին փորձել է մեղմել գաղտնի եղանակով նկարահանված տեսանյութով իր ընտրապայքարին հասցված վնասը: Այս տեսանյութում պատկերված է հարուստ աջակիցների առջև հանդես եկող Ռոմնին, որն ասել է, թե ամերիկացիների 47 տոկոսն իրենց զոհ են համարում և կառավարությունից կախվածության մեջ են գտնվում:

Հանդես գալով «Ֆոքս նյուզ» հեռուստաալիքով, Ռոմնին ասել է, թե նման արտահայտությունները «բացահայտ սխալ են եղել»:

Այս ընթացքում նախագահ Օբաման, որը հինգշաբթի օրն ընտրապայքարը շարունակել էր՝ հանդիպումներ անցկացնելով Վիրջինիա և Օհայո նահանգների քոլեջներում, անցել է հարձակման՝ մեղադրելով իր մրցակցին հեռուստաբանավեճի ընթացքում դիրքորոշումն ավելի կենտրոնամետի փոխելու մեջ:

«Բարձրանալով բեմի վրա՝ հանդիպեցի շատ ոգևորված մի մարդու, որը պնդում էր, թե Միթ Ռոմնին է: Սակայն ես գիտեի, որ նա չի կարող լինել Միթ Ռոմինին, քանի որ իրական Ռոմնին արդեն առնվազն մեկ տարի շրջում է երկրով մեկ՝ խոստանալով 5 տրիլիոն դոլարով նվազեցնել հարկերը՝ հօգուտ հարուստների, իսկ անցյալ երեկո բեմի վրա կանգնած անձնավորությունը, որը պնդում էր, թե Միթ Ռոմնին է, ասել է, թե տեղյակ չէ այդ մասին», - հանդիպման ընթացքում ասել է նախագահ Օբաման:

Ընտրողների կարծիքի հարցումների համաձայն, Ռոմնին հաղթանակած է դուրս եկել հեռուստաբանավեճի առաջին շրջանում, որը, ըստ «Nielsen» վարկանիշային գործակալության, դիտել է ավելի քան 67 միլիոն մարդ: Այս ցուցանիշը 28 տոկոսով գերազանցում է 2008 թվականի նախագահական ընտրարշավի ընթացքում առաջին հեռուստաբանավեճը դիտողների թիվը: